Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կառավարությունը դեռեւս պիտի որոնի տնտեսական ճգնաժամից երկիրը դուրս բերելու ուղիներ


Չնայած ԱՄՆ-ի ֆինանսական ճգնաժամը հարթելու փորձերի ճանապարհին
ֆինանսական հաստատություններին միլիարդավոր դոլարներ հատկացնելու փաստին, ինչպես երկրի Կոնգրեսի հատուկ հանձնաժողովի նախագահն է ասում, կառավարությունը դեռեւս չունի այս ճգնաժամը մեղմելու խելամիտ ռազմավարություն։ Նրա ու շատ ու շատ մասնագետների կարծիքով, կառավարությունը պարզապես կատարում է տարբեր, հաճախ իրարից անկախ ճիգեր։

Իսկ այսօր երկրի բնակչությունը, որը պատրաստվում է սուրբծննդյան ու Նոր Տարվա տոներին, հաճախ է գնումներ կատարելիս, ապավինում միայն պարտաքարտերին, հուսալով, որ կկարողանա մոտ ապագայում մարել պարտքը։
Նրանցից շատերն են ասում, որ եթե մեծ կարիքի մեջ լինի իրենց երեխան անգամ, այսօր չեն կարող գրել դրամական չեք, այլ կօգտվեն միայն պարտաքարտի ծառայությունից։

Իսկ երբ մեկին տրվում է, մյուսին՝ ոչ, հարց է ծագում, իսկ ինչո՞ւ ոչ ինձ։
Ուրեմն, եթե բանկային խոշոր ընկերությունները, ինչպես օրինակ AIG, Bear Sterns, Citybank եւ տասնյակ այլ բանկեր կառավարությունից ստանում են միլիարդավոր դոլարներ, մինչեւ 7ՕՕ միլիարդ, կամ ավտոընկերությունները՝ ստանում 25 միլիարդ դոլար, ինչո՞ւ նման հատկացում չի նախատեսվում տեղական ու նահանգային կառավարությունների համար։
Այս հարցը տալով են Ֆիլադելֆիա, Ատլանտա, Ֆինիքս, Դեթրոյթ քաղաքների քաղաքագլուխները դիմում եւս պետական հատկացումներ ստանալու խնդրանքով։

Սպասվում է, որ շուտով Բարաք Օբաման, երբ մտնի Սպիտակ տուն որպես երկրի նախագահ, նման պահանջով նրան են դիմելու երկրի նահանգների ղեկավարները։ Ու տնտեսական որոշ վերլուծաբաններ սա համեմատում են երեխայի հետ, որը խանութում իր ուզածը մեկ անգամ անմիջապես ստանալուց հետո, հաջորդ անգամ պահանջում է նույնը, կամ դեռ՝ ավելին։

Ճիշտ է, կառավարությունն, օրինակ, ավտոընկերություններին հատկացումներ կատարելիս, ցանկանում է տեսնել մեծ բարեփոխումներ այդ ընկերություններում։ Օրինակ General Motors-ը ծրագրում է կրճատել հյուսիսային հատվածներում իր արտադրությունը, Chrysler-ը գուցե մտածի մեկ այլ ընկերության հետ միավորվելու մասին, ինչին հավանաբար հետեւի Ford-ը։ Ու նրանք կստանան 25 միլիարդը։
Իսկ նահանգնե՞րը։
Նահանգների ղեկավարներն էլ շուտով դիմելու են պետական բժշկական ծառայությունների ու գործազուրկներին տրվող պետական նպաստների համար հավելյալ գումարներ ստանալու խնդրանքով։ Սակայն ԱՄՆ-ում նահանգների առավելությունն այն է, որ նրանք մեծապես կարող են տիրապետել իրենց եկամուտները ու տնտեսական ավելի արդյունավետ գործունեության արդյունքում՝ ավելի նվազեցնել ֆինանսական իրենց կախվածությունը կենտրոնից։
Այդ ուղղությամբ են այսօր գնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նահանգները։

XS
SM
MD
LG