Մատչելի հղումներ

Բարաք Օբաման ընտրեց անվտանգության ու արտաքին քաղաքականության բնագավառների ղեկավարներին



Անցյալ շաբաթ իր ապագա կառավարությունում տնտեսական թիմի ղեկավարներին նշանակելուց հետո, ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Բարաք Օբամայի հաջորդ կարեւոր քայլը, որը հայտարարում է, թե եկել է 21-րդ դարի մարտահրավերները դիմակայելու ու նոր մոտեցումներ ցուցաբերելու ժամանակը, անվտանգության ու արտաքին քաղաքականության բնագավառների պատասխանատու պաշտոններում նշանակումներն էին։

Օբաման երկուշաբթի օրվա նշանակումները սկսեց Հիլարի Քլինթընից, որը պետքարտուղարի, այսինքն՝ ԱՄՆ-ի արտգործնախարարի պաշտոնում կհաջորդի Քոնդոլիզա Ռայսին։ Հիլարի Քլինթընին նա նկարագրեց որպես մեծ գիտելիքների տեր, հաստատակամ ու աշխատասեր գործիչ, որը կստանա իր լիակատար վստահությունը եւ ՝՝կկարողանա պաշտպանել ԱՄՆ-ի շահերն աշխարհում՛՛։


Նախագահական ընտրարշավում Օբամայի նախկին մրցակից Քլինթընը, իր խոսքերով, հպարտ է Օբամայի հետ աշխատելու համար։ Իսկ նրա ամուսինը՝ նախկին նախագահ Բիլ Քլինթընը, իր անմիջապես հրապարակած հայտարարության համաձայն՝ համոզված, որ այս պաշտոնում ԱՄՆ-ի նախկին առաջին տիկինը կկարողանա վերականգնել ԱՄՆ-ի պատիվն աշխարհում։

Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը Օբաման վստահում է պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսին, որը նրա խոսքերով, մեծ ավանդ կարող է ունենալ իր ե՛ւ զինվորական ե՛ւ դիվանագիտական փորձառությամբ։ Ջոնսը եղել է դաշնակից ուժերի հրամանատար եւ բանագնաց՝ Մերձավոր Արեւելքի խաղաղության բանակցություններում։

Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա Էրիկ Հոլդերը Օբամայի կողմից ընտրվեց այդ նախարարության ղեկավար, որը խոստանում է մեծ վերափոխություններ իրականացնել նախարարությունում՝ հատկապես գաղտնալսումների պատճառով վարկաբեկված այս նախարարության պատիվը վերականգնելու ուղղությամբ։

Ապացուցելու համար, որ ինքը հավատարիմ է մնում իր վարչակազմում նաեւ հանրապետական կուսակցության անդամների ընդգրկելու իր տված խոստումներին, Օբաման պաշտպանության նախարարի պաշտոնում է թողնում Ռոբերտ Գեյցին, ինչը կարելի է համարել նաեւ իշխանության սահուն անցման փորձ։
՝՝Մենք ամրապնդելու ենք մեր թշնամիներին պարտության մատնելու եւ մեր բարեկամներին աջակցելու մեր կարողությունները՛՛, հայտարարեց Օբաման նշանակումների ժամանակ, նշելով, որ Գեյցը հաջողությամբ կկարողանա իրականացնել Իրաքում պատերազմն ավարտելու եւ այն տեղի իշխանությունների վերահսկողությանը հանձնելու նպատակը։

Ինչպես Օբաման ասաց, Հայրենիքի անվտանգության նախարարի պարտականությունները ինքը որոշել է վստահել Արիզոնայի նահանգապետ Ջանեթ Նապոլիտանոյին։ Այս նախարարությունը զբաղվում է հիմնականում ներգաղթի հարցերով, իսկ Նապոլիտանոն, որպես սահմանային նահանգի ղեկավար, ըստ Օբամայի, ունի այդ հարցերում փորձառություն։

Քլինթընը, Հոլդերը եւ Նապոլիտանոն, այս պաշտոնները զբաղեցնելու համար Սենատի կողմից հաստատման կարիք ունեն ։ Որպես Սպիտակ տան աշխատակից, դրա կարիքը չունի Ջոնսը։ Պենտագոնի ղեկավարը նույնպես չպիտի հաստատվի Սենատի կողմից, քանի որ նա արդեն իսկ զբաղեցնում է այդ պաշտոնը։


Ի դեպ, վերջինս Հայոց ցեղասպանությունն ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես ճանաչելու հակառակորդներից է, որը Կոնգրեսի անդամներին համոզել էր դեմ քվեարկել այն ճանաչելու մասին բանաձեին։
Քլինթընը նախագահական ընտրարշավի ժամանակ հայտարարել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին։ Ջանեթ Նապոլիտանոն, որպես նահանգապետ՝ հանդես եկել Հայոց ցեղասպանության մասին ամենամյա հայտարարություններով։
Նախագահի պաշտոնում ընտրված Օբամայի ու փոխնախագահի պաշտոնում վերջինիս ընտրած Բայդընի տեսակետները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության հարցում համընկնում են։

XS
SM
MD
LG