Մինչեւ ԱՄՆ-ի նախագահի պարտականությունները ստանձնելը, Բարաք Օբաման հավաքում է աշխատակազմ, որի առաջնային նպատակն է կանգնեցնել ԱՄՆ-ում, ու դրանից բխելով՝ աշխարհում տնտեսական անկումն ու անկայունությունը։
Օբաման այս գործը ցանկանում է սկսել անիմաստ ծախսումները կրճատելու փորձերից, ցանկանում պարզել, թե որտեղ պիտի կատարվեն ամենամեծ ներդրումները եւ որտեղ է հարկավոր դադարեցնել ֆինանսավորումը։
Ավելորդ վատնումների մասին խոսելով՝ նա առանձնացնում է գյուղատնտեսական խոշոր հողատերերին տրվող նպաստների հարցը։
՝՝2ՕՕ3-ից մինչեւ 2ՕՕ6 թվականը միլիոնատեր մի շարք ագարակատերեր, իրենց կորուստների դիմաց ստացել են 49 միլիոն դոլարի նպաստ, իսկ սա պետական գումարների վատնում է, որը ես կդադարեցնեմ որպես նախագահ՛՛, ասում է Օբաման։
Պետական գումարների վատնումը կանխելու գործում Օբամային պիտի օգնի Փիթըր Օրսզագը, որը ղեկավարելու է Կառավարման ու բյուջեի վարչությունը։ Նա ներկայումս Կոնգրեսի բյուջետային գործակալության ղեկավարն է։
Օբամայի խոսքերով, Օրսզագը լավ գիտե, թե որ հատկացումներն են իրենց արդարացնում, որոնք՝ ոչ։ Ու եթե, ասում է նա, ինչ որ հատկացումների ծրագիր մտել է բյուջեի մեջ այս տարի, չի նշանակում, որ այն պետք է շարունակվի հաջորդ տարի եւս։
Նոյեմբերի 4ի նախագահական ընտրություններում տարած հաղթանակից հետո Օբամայի հրավիրած մամուլի բոլոր երեք ասուլիսները կենտրոնացել են տնտեսական իրավիճակի վրա։
Վերջին մի հաշվետվության համաձայն, ազգային համախառն արտադրանքը հուլիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կրճատվել է կես տոկոսով։ ԱՄՆ-ի տնտեսության գլխավոր բնագավառներից անշարժ գույքի շուկան էլ գրանցել է տների գների 17 տոկոսի անկում անցյալ տարվա համեմատ։
Օբաման շարունակ շեշտում է, որ ներկա պահին երկրի նախագահը Ջորջ Բուշն է, ու հայտարարում, որ նոր նշանակումներ կատարելու հարցում իր շտապելու հանգամանքը բխում է անհետաձգելի քայլերի արագ դիմելու անհրաժեշտությունից։
Նրան դեռ սպասում է կարեւոր այնպիսի նախարարություններում նոր նշանակումներ կատարելու պատասխանատվությունը, ինչպես առեւտրի, աշխատանքի, էներգետիկայի ու առողջապահության նախարարություններն են։
Պետք է սպասել, տեսնելու համար, թե ինչպես է Օբամայի խանդավառությունը ոտքի հանելու ԱՄՆ-ի տնտեսությունը, ինչից մեծապես կախված է ամբողջ աշխարհի տնտեսական ապագան։