Մատչելի հղումներ

Աշխարհի երկրների արձագանքը ամերիկյան ընտրություններին


Աշխարհով մեկ մարդիկ տոնում են Բարակ Օբամայի հաղթանակը ամերիկյան նախագահական ընտրություններում։ Իսկ Քենիայի բնակիչներն ու կառավարությունը Նոյեմբերի 6-ը պետական տոն են հայտարարել, ի պատիվ Բարակ Օբամայի, ում հայրը Քենիայից էր։

Այլ վայրերում եւս տրամադրությունը բարձր էր։ Պաղեստինցի Մահա Իբրահիմն ասում է, թե Օբաման հստակորեն ապացուցեց, որ դեմ է պատերազմին եւ ձգտում է խաղաղության։ Իսկ Վան Գուոչենգը, Չինաստանից, ասում է, թե Օբաման կբարելավի տնտեսությունը։

Վաշինգտոնում նախագահ Ջորջ Բուշը պաշտոնապես շնորհավորել է Օբամայի ընտրությունը, ավելացնելով, որ Ամերիկայի ժողովուրդը կարող է հպարտանալ այս պատմական իրադարձությամբ.

՛՛Նրանք աշխարհին ներկայացրին ամերիկյան ժողովրդավարության կենսունակությունը եւ միասնականության ուղղությամբ կատարված առաջադիմությունը՛՛։

Օբամայի ընտրության լուրը արագորեն հրապարակվեց Եվրոպայի կարեւորագույն թերթերում, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդըն Բրաունը դրվատեց Բարակ Օբամային, որպես Մեծ Բրիտանիայի իրական բարեկամը.

՛՛Այս պահը պատմության գիրկը կանցնի եւ կարձանագրվի պատմության բոլոր գրքերում՝՝։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը քննադատեց ամերիկյան քաղաքականությունը, սակայն հայտարարեց, թե ստեղծարար երկխոսություն է ակնկալում Բարակ Օբամայի հետ։

՛՛Մենք որեւէ խնդիր չունենք ամերիկացիների հետ։ Մեզ մոտ առկա չեն հակա ամերիկյան տրամադրություններ՛՛, ասաց Մեդվեդեւը։

Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը նույնպես դրվատեց Օբամայի ընտրությունը, ասելով թե ինքը ողջունում է ամերիկյան ժողովրդի արիությունն ու բարոյական բարձր արժեքները։

Իսկ Արաբական Լիգայի գլխավոր Քարտուղար Ամր Մուսան ասաց, թե Օբամայի հաղթանակը խաղաղության հույս է ներշնչում Մերձավոր Արեւելքի ժողովրդին։ ՛՛Մենք բոլորս կարիքն ունենք փոփոխության, ինչը Նորընտիր նախագահ Բարակ Օբամայի պատգամն էր այս ընտրություններում։ Փոփոխություն՝ արտաքին քաղաքականության բնագավառում՝՝, ասաց նա։

Իսրայելցիք սակայն թերահավատություն են հայտնել Օբամայի խոստացած փոփոխության նկատմամբ։ Նրանցից շատեր այս ընտրություններում պաշտպանել են Ջոն Մքքեյնին։

Բարակ Օբաման արդեն իսկ սկսել է անցման շրջանի աշխատանքները եւ ակնկալվում է որ շուտով կհայտարարի թե ում է նշանակելու ԱՄՆ-ի արտգործնախարարի պաշտոնին։

XS
SM
MD
LG