Մատչելի հղումներ

Անդրադարձներ Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին


Ադրբեջանի նախագահական ընտրություններում Իլհամ Ալիեւի տարած որոշիչ հաղթանակից հետո ադրբեջանցիները հույս են հայտնել, որ նա կկարողանա լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը եւ մտահոգված են համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում Ալիեւի ղեկավարության հետագա ուղղության մասին։

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության դիտորդները ընտրությունները նշանակալի առաջընթաց բնութագրելով հանդերձ, հայտարարել են, թե ընտրություններում բացակայել են ժողովրդավարական ընտրությունների սկզբունքներն ու մրցակցությունը։ Դիտորդներն ասել են նաեւ, որ ականատես են եղել թերացումների, հատկապես ընտրաձայների հաշվարկման ժամանակ։

Միացյալ Նահանգների Արտգործնախարարության խոսնակ Շոն Մքքորմաքը շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին, նախորդ ընտրությունների համեմատությամբ բարելավված ընտրություններ կայացնելու առթիվ, սակայն ավելացրել է, թե դեռ շատ անելիքներ կան այդ բնագավառում։ Ադրբեջանի հինգ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել են ընտրությունները, նշելով անկախ մամուլի արգելման եւ ընդդիմության գործիչների ձերբակալման անցյալի դեպքերը։

Ղարաբաղյան պատրազմի 45 ամյա վետերան Ազեկելն Ասոսիեյթեդ Փրես գործակալությանը հայտնել է, թե ցանկանում է որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, սակայն ավելացրել է.

՛՛Եթե խաղաղ լուծում չլինի մենք կկռվենք մինչեւ վերջ։ Եւ դա կլինի մեր վերջին ճակատամարտը։ Մենք շատ բան կզիջենք, սակայն չենք զիջի մեր հողերը՛՛։

Շատ ադրբեջանցիներ էլ մտահոգված են իրենց երկրի տնտեսության վիճակով։ Մասնագիտությամբ բժիշկ, 46-ամյա Սաբիր Մամեդովը թերահավատություն է հայտնել տնտեսությունը բարելավելու ներկա կառավարության հանձնառության նկատմամբ։ Նա ասել է.

՛՛Մեր կյանքը առաջիկա հինգ տարիներին նախագահից բացի կախված է շատ այլ գործոններից։ Ինչպես Ռուսաստանն ու Ղազախստանը, Ադրբեջանը նույնպես կախված է նավթային եկամուտներից, որոնց ձախողման դեպքում, կառավարության բոլոր խոստումները անիրագործելի կդառնան՛՛։

Ադրբեջանի նավթի մեծ մասը Միջերկրականի շրջանն է ուղարկվում Վրաստանով անցնող նավթամուղի միջոցով։ 1991 թվականից վեր անկախացած Ադրբեջանի համար այս ընտրությունները հինգերորդն են։ Սակայն շատերի բնութագրմամբ Ադրբեջանում ավելի շատ իշխում է միապետությունը, քան ժողովրդավարությունը։

XS
SM
MD
LG