Մատչելի հղումներ

Վաշինգտոնում տեղի ունեցավ հանդիպում հայաստանյան պատվիրակության եւ վաշինգտոնահայության միջեւ


Երկուշաբթի երեկոյան Վաշինգտոտնի հայաստանյան դեսպանատանը կայացավ հանդիպում Վարչապետ Տիգրան Սարգսյանի, նրա աշխատախմբի անդամների եւ վաշինգտոնահայ համայնքի ներկայացուցիչների միջեւ։

Վարչապետն ու նրան ուղեկցող հայաստանյան պատվիրակությունը Հոկտեմբերի 11-ից 13-ը մասնակցեցին Համաշխարհային բանկի եւ Միջազգային արժույթի հիմնադրամի ամենամյա ժողովներին։ Տիգրան Սարգսյանը, ում համար Վաշինգտոն այցելությունը վարչապետի պաշտոնում առաջինն էր, հանդիպեց նաեւ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնատարների հետ։

Անդրադառնալով համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, վարչապետ Սարգսյանը կարեւորեց Հայաստանի տնտեսությունը դրա հետեւանքներից պաշտպանելու գործը։ Վարչապետը նշեց նաեւ համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ այս տարվա նոյեմբեր ամսից իրագործվելիք նոր ծրագրերի մասին։

Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը կարեւորեց Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ամենամյա հանդիպումները, որոնք , ասաց նա, հնարավորություն են ընձեռում ոչ միայն ի մի բերել ամբողջ տարվա աշխատանքների արդյունքները, այլեւ հանդիպումներ կազմակերպել զանազան երկրների պատվիրակությունների եւ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ։

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի կարծիքով համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա թերեւս մեծ չի լինի այն առումով, որ Հայաստանը միջազգային շուկաներում դեռեւս ինտեգրված չէ։

Վարչապետ Սարգսյանն Վաշինգտոնում հանդիպեց նաեւ ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամներից Անի Տոթան, օրինակ, գոհունակություն հայտնեց վարչապետ Սարգսյանի հետ ունեցած իր հանդիպման արդյունքներից։

Հայաստանի վարչապետն ու նրա աշխատախումբը այսօր կշարունակեն իրենց հանդիպումները Վաշինգտոնում, որից հետո կվերադառնան Հայաստան։

XS
SM
MD
LG