Աշխարհն այո, ոչ շուռ չի եկել ու շուռ չի գա, սակայն դադար է առել տնտեսական զարգացման ուղու վրա, երբ արդեն մի քանի օր է ապրում է ֆինանսական մեծ ճգնաժամ։ Ներդրողներն այս օրերին ուշադրությամբ նայում են պետության կողմից որեւէ միջամտության, ինչպես օրինակ բանկերին 7ՕՕ մլդր. դոլար հատկացումներ կատարելու ԱՄՆ-ի կառավարության որոշումը։ Ի դեպ, նման ծրագիր ունի նաեւ Մեծ Բրիտանիան։ Իսկ Իսլանդիայում պետությունը վերցրել է երկրի բոլոր երեք խոշոր բանկերն իր վերահսկողության տակ։
Շատերի համար զարմանալի է, թե ինչպես ԱՄՆ-ում սկսված ֆինանսական ճգնաժամը տարածվեց դեպի աշխարհի բոլոր կողմերը։ Սակայն զարմանալի որեւէ բան չկա, ասում են մասնագետները, հիշեցնելով համաշխարհային տնտեսական շղթայի գոյությունը, համաշխարհային առեւտուրը։
Անշարժ գույքի առուվաճառքի դադարի պատճառով ԱՄՆում առաջ եկած այս ճգնաժամը ինչպե՞ս կարող է ազդել փոքր, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության վրա։ Այս հարցով ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ը դիմեց Վաշինգտոնի Բրուքինգզ հաստատության Ուոլֆենզոհն կենտրոնի գործադիր տնօրեն, Համաշխարհային բանկի Եւրոպական ու միջինասիական բաժնի նախկին փոխնախագահ Յոհաննես Լիննին։
Նրա խոսքերով, չնայած մեծապես անկախ տնտեսական համակարգ ունենալու փաստին, ֆինանսական այս ճգնաժամը մեծապես սպառնում է նաեւ Ռուսաստանին ու Չինաստանին եւ այն մեղմելու համար հարկավոր են չափազանց զգույշ ու բանիմաց քայլեր։
Այդ առումով, կառավարական լավ հմտություններ ունեն Թուրքիան ու Արգենտինան, գտնում է վերլուծաբանը, հավատալով, որ այդ երկրները կարող են հակազդել համաշխարհային այս ճգնաժամին։
Գալով նախկին խորհրդային տարածքներ՝ Յոհաննես Լիննը խոսում է ամենահզոր տնտեսություններից մեկի՝ Ղազախստանի մասին ու հիշեցնում, որ ֆինանսական ճգնաժամ այստեղ սկսվել էր դեռեւս անցյալ տարի։
՝՝Բանկերն այստեղ արդեն թուլացել էին, այժմ տուժում են ֆինանսական այս համաշխարհային ճգնաժամից։ Մյուս կողմից, նավթարդյունահանող նման երկրների վրա բացասաբար է ազդում նավթի գների անկումը՛՛, ասաց նա։ ։
Ու քանի որ Ղազախստանը տարածաշրջանային հզոր պետություն է, նրա թուլությունն ազդելու է հարեւանների վրա, Ղրղզստանի, Տաջիկստանի, ու հասնելու մինչեւ Անդրկովկաս։
Փոքր երկրների համար վտանգավորը այն չէ, թե ինչ է տեղի ունենում ԱՄՆ-ում, վտանգավորն այն է, թե ինչ է տեղի ունենում հարեւան հզոր պետություններում, ինչպես Ղազախստանում ու Ռուսաստանում։։
Ռուսաստանի տնտեսական ու ֆինանսական հնարավոր ճգնաժամի բացասական ազդեցությունը կկրեն նրա հարեւան փոքր երկրները։
Միայն այն փաստը, որ մեծաթիվ օտարներ են աշխատում Ռուսաստանում, այդ երկրում գործազրկության աճը իր բացասական ազդեցությունը կգործի այն երկրների վրա, որոնց քաղաքացիները կորցնում են իրենց աշխատանքը Ռուսաստանում։
Բրուքինգզ հաստատության վերլուծաբանի խոսքերով, բոլորն էլ պիտի տուժեն այս ճգնաժամից։