Միավորված ազգերի կազմակերպության Նյու Յորքի գլխամասային գրասենյակում աշխարհի պետությունների ղեկավարներն իրենց մտահոգությունն են հայտնել համաշխարհային տնտեսության վատթարացող իրավիճակի շուրջ` կոչ անելով միասնական քայլեր ձեռնարկել իրավիճակի խորացումը կանխելու համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կիմունը ողջունելով 190 անդամ պետությունների ղեկավարներին և նրանց պատվիրակներին կազմակերպության Գլխավոր ասամբլեայի տարեկան հանդիպմանը` ներկայացրել է աշխարհի իրադրության իր գնահատականը և ՄԱԿ-ի տեսլականը գալիք տարվա համար: Նրա գնահատականն այդքան էլ դրական չէր. “Այժմ մենք կանգնած ենք համընդհանուր ֆինանսական ճգնաժամի առջև, համընդհանուր էներգետիկ ճգնաժամի առջև, համընդհանուր սննդի ճգնաժամի առջև: Առևտրի բնագավառում բանակցությունները բնավ հաջողության չեն հասել: Պատերազմական գործողությունների և բռնությունների նոր բռնկումներ են եղել: Կլիմայական փոփոխություններից բխող վտանգն առավել արդիական է դարձել այսօր”:
Նա կոչ է արել աշխարհի պետությունների ղեկավարներին հարգել իրենց խոստումները և միասնական քայլեր ձեռնարկեն այս և այլ խնդիրներ լուծելու համար:
Միավորված ազգերի կազմակերպության գլխամասային գրասենյակն ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Նյու Յորքի ֆինանսական շրջանը, որի շուկաները շեշտակի անկում են ապրել:
Բան Կիմունն ասել է, որ խորացող համընդհանուր ֆինանսական ճգնաժամը կարող է խոչընդոտել ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների` ամենաաղքատ պետությունների կենսամակարդակի բարելավմանն ուղղված ջանքերը:
Իրենց մեկնաբանություններում ֆինանսական ճգնաժամի թեմային են անդրադարձել աշխարհի շատ պետությունների ղեկավարները: Ջորջ Բուշը, ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում վերջին անգամ դիմելով Գլխավոր ասամբլեային, փորձել է հանգստացնել միջազգային հանրությանը` ասելով, որ իր վարչակարգը “հանդուգն քայլեր” է ձեռնարկել ամերիկյան տնտեսության խիստ ճգնաժամը կանխելու համար: Նա նշել է, որ ամերիկյան տնտեսության ձախողումը կարող էր մեծ վնասներ հասցնել աշխարհի այլ պետությունների տնտեսություններին: “Ես հավաստիացնում եմ, որ իմ վարչակարգը և մեր Կոնգրեսը համագործակցում են, որպեսզի արագ կերպով օրեսնդրություն ընդունվի այդ ռազմավարությունն իրագործելու համար”:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, խոսելով Եվրոպական միության նախագահի կարգավիճակում, առաջարկել է, որպեսզի Մեծ ութնյակի գագաթաժողովը լուծումներ առաջարկի ներկա ճգնաժամի կապակցությամբ: Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան իր հերթին կոչ է արել բարեփոխել բազմակողմանի տնտեսական կառույցները. “Նման խորության ճգնաժամը հնարավոր չէ մեղմացուցիչ մեթոդներով լուծել: Անհրաժեշտ են կանխարգելիչ և վերահսկման մեխանիզմներ` երաշխավորելու միջազգային ֆինանսների բացարձակ թափանցիկությունը”:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իր մտահոգությունն է հայտնել համընդհանուր տնտեսական անկման, ինչպես նաև էներգառեսուրսների և սննդամթերքի գների աճի առնչությամբ. իրավիճակ, որն էլ ավելի է բարդացրել զարգացման և անվտանգության մթնոլորտը: “Նման հանգամանքներում ահաբեկչության, ռասիզմի, օտարատյացության, կրոնական խտրականության բոլոր ձևերի և ծայրահեղականության դեմ պայքարը հատուկ կարևորություն է ստանում”, ասել է նա: