Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հորդորել է Եվրոպական Միությանն արհամարհել Վրաստանի կոչերն առ այն, որ Կովկասում պաշտոնական Մոսկվայի միջամտությունների համար Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն:
Ուրբաթ օրը գերմանական ARD հեռուստակայանին տված հարցազրույցում վարչապետ Պուտինը կոչ է արել Եվրոպական Միությանը Վրաստանի հակամարտության հարցում ռացիոնալ և անկողմնակալ դիրքորոշում ընդունել: Նա մեղադրել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հակամարտությունը սկսելու մեջ և քննադատել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին Վրաստանի ղեկավարությանը սատարելու համար:
Վրաստանի արտգործնախարարը շաբաթ օրը հայտարարել է, որ դադարեցվել է Ռուսաստանի հպատակներին մուտքի վիզայի շնորհումը սահմանային պահակակետերում:
Ուրբաթ օրը Վրաստանը հայտարարել էր, որ խզում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև չեղյալ է համարում խաղաղապահ նպատակներով բոլոր երկկողմանի պայմանագրերը` Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման ի պատասխան:
Ռուսաստանն իր հերթին հայտարարել է, որ փակելու Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանությունը:
Վրաստանի “Միացյալ ազգային շարժում” իշխող կուսակցության ավագ անդամ Դավիթ Դարչիաշվիլին հարաբերությունների խզումը խորհրդանշական է որակել: Նա ասել է, որ դեռևս հուլիս ամսին Վրաստանն իր դեսպանին հետ էր կանչել Մոսկվայից, և որ ամիսներ շարունակ դիվանագիտական կապեր գրեթե չեն եղել:
Հյուպատոսական կապերն այնուամենայնիվ չեն խզվել:Վրաստանի զորքը օգոստոսի յոթին ներխուժել է Հարավային Օսիա` չճանաչված տարածքների վերահսկումն ստանձնելու նպատակով: Ի պատասխան` Ռուսաստանը մեծաքանակ զորքով և տանկերով ներխուժեց` բացատրելով, որ պարտավոր էր պաշտպանել այնտեղ ապրող ռուս քաղաքացիներին: