Մատչելի հղումներ

Իրադրությունը Հարավային Օսիայում բարդանում է




Վերջին մի քանի օրերի կանխատեսումները հուշում էին, որ Վրաստանում չեն բացառվում ռազմական լայնածավալ գործողությունները։ Արդյո՞ք արդեն սկսվել են այդ գործողությունները, արդյո՞ք սա իրական պատերազմի սկիզբ է, թե՞ պատմության մեջ այն կմնա որպես ցուցադրական բախում։

Առաջին օրվա զոհերի ցուցանիշով դատելու դեպքում, կարելի է ասել, որ պարզ բախում չէ։ Չէ որ արդեն կան հարյուրավոր զոհեր։

Գործողությունները սկսվեցին, երբ աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Պեկինի Օլիմպիական խաղերի վրա։ Եւ Սահակաշվիլին գուցե այս պահը հաշվի առնելով՝ որոշեց փորձել իրականացնել Հարավային Օսիան Վրաստանի վերահսկողության տակ վերադարձնելու իր բաղձանքը ։

Զարմանալին այն է սակայն, որ ընդունելով, որ ժամանակի ընտրությունը զուգադիպություն չէր ու մտածված էր նախապես, նա մեղադրում է Ռուսաստանին ագրեսոր լինելու մեջ, ու հայտարարում, թե Ռուսաստանը օդուժ է ուղարկել Վրաստանի տարածքները ռմբակոծելու համար։

Սահակաշվիլին իր երկրի քաղաքացիներին կոչ է անում չվախենալ ռուսներից ու զենք վերցնել հանուն հայրենիքի, իսկ Ռուսասատանի նախագահ Մեդվեդեւը եւ վարչապետ Պուտինը հանուն հայրենակիցների, (չէ որ օսերի մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են), նախազգուշացնում են, որ կհետեւեն պատասխան քայլեր ու կձեռնարկվեն պատժիչ միջոցներ։

Կարո՞ղ է արդյոք Վրաստանի, հավանաբար Սահակաշվիլիի այս նախաձեռնությունը ուղղվել ընդդեմ Վրաստանի։ Հնարավորությունը փոքր չէ ասում են վերլուծաբանները, միշտ հիշեցնելով, որ իր քաղաքացիներին պաշտպանելու նպատակով ու պատրվակով՝ Ռոիւսաստանն այս իրադրությունը կօգտագործի ռազմական իր ներկայոիւթյունն այստեղ մեծացնելու համար։

Այժմ միջազգային կազմակերպությունները հանդես են գալիս ռազմական գործողությունները դադարեցնելու եւ բանակցությունների սեղանի շուրջ նստելու մասին սովորական ու հայտնի հայտարարություններով։

Վրաստանի ամենամոտ բարեկամ ԱՄՆ-ը հանձինս արտգործնախարարության փոխխոսնակ Գոնզալո Գայեգոսի, առանց անուններ տալու հայտարարում է, թե դեսպանորդ է ուղարկում տարածաշրջան։ Գայեգոսի հայտարարությունն այն մասին, թե պետքարտուղար Ռայսը եւ մյուս պաշտոնյաները մշտական կապի մեջ են կողմերի հետ, մեծաթիվ վերլուծաբաններ բնորոշում են Ռուսաստանի կողմից հնարավոր լայնածավալ գործողություններից առաջ որպես չեզոք մի հայտարարություն։

Այս պատերազմը կարող է մեծ հետեւանքներ թողնել մի տարածաշրջանում, որը վերածվել է մի կռվախնձորի հետսառըպատերազմյան ժամանկաշրջանում Ռուսաստանի ու Արեւիմուտքի միջեւ։ Եւ այդ խայծը, համենայն դեպս այդպես են ասում քաղաքական մի շարք վերլուծություններ, կարծես կուլ են տվել Վրաստանն ու Սահակաշվիլին։

XS
SM
MD
LG