Մատչելի հղումներ

Հարցազրույց Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ


Մինչեւ Մոսկվա մեկնելը, որտեղ պիտի հանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին, ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան պատասխանեց ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայության հարցերին։

Խոսելով ժողովրդավարության ընթացքի մասին՝ նա այն կարծիքը հայտնեց, որ շատ բան կա դեռեւս այս բնագավառում անելու համար։ Նա առաջընթաց համարեց մարտի մեկի դեպքերի կապակցությամբ մի քանի ոստիկանի դեմ գործեր հարուցելու փաստը։

՝՝Եւ լավ է, որ այժմ բանակցություններ են ընթանում ընդդիմության հետ՝ օգոստոսի մեկի ցույցը մարզադաշտերից մեկում անցկացնելու շուրջ։ Իհարկե գերազանց կլիներ, եթե թույլատրվեր դրա անցկացումը բողոքի ցույցերի ավանդական վայրերում՝ ՝՝Ազատության՛՛ կամ Մատենադարանի հրապարակներում։ Այսինքն՝ կա դրական տեղաշարժ, սակայն շատ բան կա անելու խոսքի լիակատար ազատությունն ապահովելու համար՛՛։

Ո՞րն է այն վերջնաժամկետը, մինչեւ որտեղ ԱՄՆ-ը կցանկանար տեսնել, որ կատարվել են բոլոր պահանջները։

Այս հարցին ի պատասխան Մեթյու Բրայզան ասաց, թե ինքը չի ցանկանում որեւէ մեկին սպառնալ, պարզապես հիշեցնում է, որ սեպտեմբերին անց է կացվելու Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի խորհրդի նիստը եւ Հայաստանում ամեն ինչ պիտի արվի, որ այդ ծրագրի գործունեությունը չդադարի։

Ինչ վերաբերում է նոր պատերազմ սկսելու Ադրբեջանի բարձրագոչ հայտարարություններին ու սպառնալիքներին, Մեթյու Բրայզան ասաց, թե հինգշաբթի օրը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Նալբանդյանի ու Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ քննարկվելիք բազում հարցերից մեկն էլ դա է լինելու։

՝Բարձրագոչ հայտարարությունները տեղ չպետք է ունենան այս գործընթացում։ Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Ես ինքս չեմ տեսել Ադրբեջանում որեւէ մի պաշտոնյա, որն իրապես ցանկանար պատերազմ։ Նման հայտարարությունները բխում են հարցի կարգավորման դանդաղ ընթացքից։ Ադրբեջանում երբեմն չեն նկատում առաջընթաց։ Սակայն այն, որ Ալիեւը որոշեց Սարգսյանի հետ հանդիպումից հետո, սկսել բանակցություններ արտգործնախարարների մակարդակով, խոսում է այդ գործընթացին ապավինելու փաստի մասին՛՛։

-Ըստ որոշ վերլուծաբանների, Հայաստանի նախագահը, Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով, գնում է Հայոց ցեղասպանությունն ուրանալու ուղով։ Եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատում Մարիե Յովանովիչին, որը նույնիսկ չի արտասանում ցեղասպանութուն բառը։ Արդյո՞ք սրանք փոխկապակցված փաստեր չեն։

Մինսկի խմբի համանախագահ Բրայզայի խոսքերով, դրանք տարբեր հարցեր են։ Եւ զավեշտական է, ասաց նա, որ մինչ այժմ ԱՄՆ-ը դեսպան չունի Հայաստանում, որի հետ ԱՄՆ-ը ունի բարեկամական սերտ կապեր եւ որտեղ ունի կարեւոր շահեր։

՝՝Մենք այսօր պիտի ողջունենք Յովանովիչին դեսպանի պաշտոնում տեսնելու ցանկության մասին էդուարդ Նալբանդյանի հայտարարությունը։ Նա այսպիսով խրախուսում է Սենատին՝ լիագումար նիստում եւս նրան հաստատելու համար՛՛։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, նա կարծում է, որ Հայաստանի ու բոլոր հայերի շահերից են բխում Թուրքիայի հետ լավ հարաբերությունները։

-Առանց հիշելու՞ անցյալը։

՝՝Որեւէ մեկը չի խնդրել որեւէ հայի կամ թուրքի մոռանալ անցյալը եւ անցած տարիների մեր ջանքերն ուղղված են եղել նաեւ նրան, որ Թուրքիայի մեր բարեկամները հիշեն անցյալը արդար ու արժանապատիվ, թեկուզեւ դժվար եղանակով։

Իսկ թե ինչ քայլերի պիտի դիմեն կողմերը հարաբերությունները բարելավելու համար, մեր գործը չէ, դա կողմերի որոշելու հարցն է՛՛։

Մեթյու Բրայզան ասաց, թե ԱՄՆ-ը միեւնույն ժամանակ չի ցանկանում, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը դժվարություններ հարուցեր թուրք-ադրբեջանական հարաբերություններին։

՝՝Ուզում ենք, որ ընդհակառակը, հայ-թուրքական հարաբերությունները նպաստեն ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ Կարծում եմ, որ այդպես էլ լինելու է՛՛։

Թուրքիայից հողային պահանջների մասին խոսելով՝ նա ասաց, թե բոլորն ունեն իրենց կարծիքն արտահայտելու, այդ թվում՝ պահանջատիրության մասին հայտարարություններով հանդես գալու իրավունք, ինչպես դա անում են Հայաստանում։

՝՝Սակայն չի թվում, թե Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ սահմանները դնում են հարցականի տակ։ Ու եթե բացվեն սահմանները, կողմերը հարգեն այդ սահմանները եւ հարգեն անցյալը, դրանք միայն կբխեն երկու կողմերի շահերից։

-Իսկ ինչու՞ են Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի ու Կոսովոյի դեպքում կիրառվում երկակի չափանիշներ։

՝՝Որեւէ հակամարտություն լուծելու գործընթաց սկսվում է տարածքային ամբողջականությունը քննարկումների հիմքում դնելու հանգամանքով։ Հակամարտությունները երբեմն լուծվում են խաղաղ, երբ հասնում են քաղաքական փոխզիջման՝ տարածքային ամբողջականության եւ ազատ ինքնորոշման իրավունքները հաշվի առնելով։ Սակայն Կոսովոյի հակամարտությունը չլուծվեց խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ, այլ ավարտվեց Բելգրադի կողմից սկսված պատերազմին միջազգային համայնքի կողմից տրված պատասխանով։

Ու այն նախադեպ չի կարող լինել, այնպես ինչպես պնդում են Ռուսաստանի մեր բարեկամները՛՛։

Մեթյու Բրայզան շեշտեց միաժամանակ, որ ԱՄՆ-ը ճանաչում է Վրաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն միեւնույն ժամանակ հավատում, որ կարող է լինել քաղաքական փոխզիջում՝ մյուս ազգային ինքնորոշման սկզբունքը եւս հաշվի առնելով։

XS
SM
MD
LG