Մատչելի հղումներ

Հարցազրույց ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Դեյվիդ Քրամերի հետ



Հայաստանից Վաշինգտոն վերադառնալուց հետո ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով ԱՄՆ-ի արտգործնախարարի օգնական Դեյվիդ Քրամերը պատասխանեց ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայության հարցերին։

Քննարկե՞լ է նա արդյոք հայաստանյան իր այցի արդյունքները ԱՄՆ-ում։

՝՝Այցի մասին իմ տպավորություններն եմ հայտնել ու Հայաստանի իրադրության շուրջ քննարկումներ ունեցել պետքարտուղարության իմ գործընկերների հետ, հանդիպել եմ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ դա շարունակելու եմ անել՛՛, ասաց նա։

Նրա խոսքերով, ինքը շարունակ հիշեցնելու է քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ մամուլի ազատությունը լիովին վերականգնելու կարեւորությունը։

՝՝Ես Հայաստանից եկա լիովին, 1ՕՕ տոկոս վստահությամբ, որ կա առաջ գնալու ծրագիր եւ հույս ունեմ, որ իր առջեւ ծառացած խնդիրները կառավարությունը կլուծի ամենայն լրջությամբ՛՛։

Շուտով պաշտոնական այցով Վաշինգտոն կժամանի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Ունի՞ արդյոք ԱՄՆ-ի արտգործնախարարի օգնականը նրան նոր ուղերձ հղելու մտադրություն։

՝՝Այո, ունեմ ասելիք։ Եթե հանդիպեմ արտգործնախարարին եւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանին, պիտի շեշտեմ վերջին ժամանակների բացասական զարգացումները դադարեցնելու կարեւորությունը։ Պիտի շեշտեմ ընդդիմությանը հանգիստ թողնելու կարեւորությունը՛՛, պատասխանեց նա։

Կարեւոր է, նրա խոսքերով, հուլիսի 4-ի բողոքի ցույցը արտոնելու հանգամանքը, քանի որ, ասում է նա, մարդիկ ունեն բողոքելու իրավունք, իրենց կարծիքն արտահայտելու ու հավաքվելու իրավունք։ Իսկ ընդդիմության անդամները, ասում է նա, պիտի ստանան ազատ գործելու հնարավորություն։

Այն հարցին, թե չի կարծում արդյոք, որ ԵԽԽՎ-ի, միջազգային մյուս կազմակերպությունների եւ կառավարությունների որդեգրած դիրքը շատ մեղմ է, Դեյվիդ Քրամերն ասաց.

՝՝Չեմ կարող խոսել այլոց անունից, սակայն կարող եմ ասել, որ Հայաստանում իմ հանդիպումների ընթացքում շատ անկեղծ եմ ներկայացրել մեր անհանգստությունները եւ չեմ կարծում, որ ԱՄՆը կհրաժարվի Հայաստանի իրադրության շուրջ իր կեցվածքից՛՛։

-Իսկ եթե Հայաստանում իրադրությունը չփոխվի եւ անտեսվեն ԱՄՆ-ի կոչերը։

-՝՝Չեմ ուզում ընկնել ենթադրությունների գիրկը, սակայն հույս ունեմ, որ իրադրությունը կբարելավվի՛՛։

-Իսկ եթե չբարելավվի՞։

-՝՝Մենք իրադրությանը հետեւելու ենք ամեն օր՛՛։

Փոխարտգործնախարար Դեյվիդ Քրամերի խոսքերով, Հայաստանի կառավարությունը գիտի ԱՄՆ-ի դիրքը, այդ դիրքի մասին լավ գիտի նաեւ Հայաստանի նախագահը։

՝՝Թող Հայաստանի իշխանությունները լավ իմանան, որ մենք հաստատակամորեն ենք ուզում իրադրության շտկում Հայաստանում՛՛, եզրափակեց նա։

XS
SM
MD
LG