Մատչելի հղումներ

Մարդկանց անօրինական փոխադրումների մասին ԱՄՆ-ի Արտգործնախարարության տարեկան զեկույցը


ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից հրապարակված մարդկանց անօրինական փոխադրումների մասին ամենամյա զեկույցում բացասական ցուցանիշ է տրվում ԱՄՆ-ի դաշնակից արաբական մի շարք երկրների։

Վատ գնահատականի է արժանանում նաեւ Հայաստանը, որտեղից, ըստ զեկույցի, սեռական շահագործման նպատակով, մեծաթիվ կանայք ու աղջիկներ են տեղափոխվում Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Թուրքիա։

ԱՄՆ-ի տվյալներով, ամեն տարի 8ՕՕ հազար մարդ է աշխարհում ենթարկվում անօրինական փոխադրումների։ Յուրաքանչյուր տասից ութը կանայք են ու աղջիկներ։

Մարդկանց անօրինական փոխադրումները տարածված են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարության զեկույցում։

Ներկայացնելով զեկույցը, արտգործնախարար Քոնդոլիզա Ռայսն ասաց, թե ամենամյա այս զեկույցներն աշխարհի ուշադրությունն են կենտրոնացնում համաշխարհային այս խնդրի վրա։

Նրա խոսքերով, ՝՝սա բոլոր ժողովուրդներին սպառնացող խնդիր է, որը մարդկանց զրկում է իրենց իրավունքներից ու արժանապատվությունից, հարուցում առողջապահական խնդիրներ, ավելացնում հանցագործությունները ու վտանգում օրենքն ու կարգը՛՛։

Երրորդ՝ ամենացածր կատեգորիայի մեջ է դասվում 14 երկիր, այդ թվում՝ Իրանը։ Վրաստանը դասվում է վտանգ չներկայացնող առաջին շարքում։ Վտանգ ներկայացնող երկրորդ դասի շարքում են Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը։

՝՝Բացի սեռական շահագործման համար կանանց անօրինական փոխադրումներից, Հայաստանից Թուրքիա ու Ռուսաստան են տեղափոխվում կանայք ու տղամարդիկ ստիպողական աշխատանքներ կատարելու համար։ Դուբայ նրանք տեղափոխվում են Մոսկվայի, Թուրքիա՝ Վրաստանի միջոցով։

Ըստ զեկույցի, Հայաստանից մարդկանց անօրինական փոխադրումներ են սկսվել նաեւ դեպի Քատար, Բահրեյն, ու Քուվեյթ՛՛։

՝՝Չնայած Հայաստանի կառավարությունը կատարում է մարդկանց նման փոխադրումները կրճատելուն ուղղված քայլեր, երկրի կառավարությունը լիովին չի կատարում այս երեւույթի առաջն առնելու նվազագույն պահանջները, այդ պատճառով, արդեն չորրորդ տարին Հայաստանը դասվում է վտանգավոր երկրորդ շարքում՛՛, ասված է զեկույցում։

Զեկույցը մատնանշում է ձեռնարկված դրական քայլերը. այն, որ հարցը բարձրացված է նախարարական մակարդակի, ընդունվել է ազգային հանձնառույթների մեխանիզմ, սակայն չեն իրականացվում տուժածներին հայտնաբերելու, նրանց պաշտպանելու եւ այս գործում ներքաշված կառավարության անդամներին պատասխանատվության առջեւ կանգնեցնելու ուղղությամբ լուրջ գործողություններ։

Կառավարությունը 2ՕՕ7 թվականին քննել է մարդկանց անօրինական փոխադրումների միայն 14 դեպք, դատապարտել միայն 11 անձանց։ Մեղավորներից միայն չնչին մասն է ստացել խիստ պատիժներ։

Հայաստանի եւ երկրորդ շարքի մեջ դասվող պետություններն ամեն ինչ պիտի անեն հաջորդ տարվա զեկույցում երրորդ հորիզոնական չիջնելու համար։ ԱՄՆ-ի կառավարությունը քննարկելու է այդ երկրների նկատմամբ պատժամիջոցներ սկսելու հարցը, չնայած այդ ցանկում Սաուդյան Արաբիայի նման իր համար դաշնակից պետությունների առկայությանը։

XS
SM
MD
LG