Մատչելի հղումներ

Հայաստանում ժողովրդավարության նահանջը մտահոգում է քաղաքական վերլուծաբաններին


Մայիսի 28-ին, Հայաստանի ժողովրդավարական շարժման ղեկավար Արսեն Խարատյանը ծեծի է ենթարկվել Երեւանում ինքնությունն անհայտ անձանց կողմից։ Իշխանության մարմիններն այժմ հետաքննում են այդ հարձակման պատճառներն ու նպատակները։ Հայաստանում Մարտի մեկի իրադարձություններից ի վեր ընդդիմության շարժման անդամների բանտարկություններն ու նրանց դեմ կատարվող սպառնալիքներն ու հարձակումները լրջորեն մտահոգում են Հայաստանում եւ սփյուռքում գործող բազմաթիվ քաղաքական վերլուծաբանների։

Արմեն Խարազյանը Հայաստանի ժողովրդավարության առաջացման հարցերով զբաղվող անկախ վերլուծաբան է Վաշինգտոնում։ Արսեն Խարատյանի դեմ հարձակումը մեկ այլ ենթատեքստ է ունի, ասում է նա ու շարունակում. ՝՝հունիսի 23-ից 27-ը սպասվում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստը որտեղ ըստ նախորդ նիստում ընդունված բանաձեւի Հայաստանը պետք է հաշվետու լինի որոշ քայլերի իրականացման համար, որոնց բացակայության դեպքում Հայաստանը կարող է այդ մարմնում քվեարկության իրավունքից զրկվել՝՝։

Նա նաեւ նշեց, որ մարդու իրավունքների վերաբերյալ Միջազգային Ներում կազմակերության եւ ԱՄՆ-իարտգործնախարարության անցյալ շաբաթ հրապարակած զեկույցները փաստարկում են ժողովրդավարության բնագավառում Հայաստանում տեղի ունեցած նահանջի մասին, մի բան, որը նրա խոսքերով կարող է ազդել Միացյալ նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող օգնության ծրագրերի վրա։

Արմեն Խարազյանի խոսքերով սփյուռքում կա պահանջարկ եւ մեծ ներուժ հասկանալու եւ աջակցելու Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու կայացմանը։ ՛՛Անհրաժեշտ է ապահովել, որպեսզի սփյուռքահայ մտածողության մեջ Հայաստանում ժողովրդավարության կայացման խնդիրը լինի կենտրոնական, ասաց նա։

Արմեն Խարազյանը Հայաստանից դուրս եկող տեղեկատվությունը ԱՄՆ-ում դրա կարիք ունեցողներին հասցնելը համարում է իր կարեւորագույն առաջադրանքներից մեկը։ ՛՛Իսկ դա կարելի է անել օգտվելով նորագույն ինտերնետային տեխնոլոգիաներից, այն բոլոր կապերից, որոնք կարող են Վաշինգտոնում գործունեություն ծավալող քարոզչական կառույցի աշխատանքը դարձնել արդյունավետ,՝՝ ասաց Արմեն Խարազյանը։

XS
SM
MD
LG