Մատչելի հղումներ

Ամերիկացի օրենսդիրները հորդորում են նախագահ Բուշին խորհրդակցություններ սկսել Իրանի հետ


Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը դժվար հարցերի է պատասխանել Իրանի հետ չխորհրդակցելու Բուշի վարչակազմի գործելակերպի մասին։ Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարել է, որ Իրանի հետ չի խորհրդակցի քանի դեռ Թեհրանը չի դադարեցրել ուրանի հարստացման իր ծրագիրը։

Թեհրանի միջուկային ծրագիրը խոչընդոտ է ամերիկա-իրանյան բանակցությունների կայացման ջանքերում ։ Բուշի վարչակազմը հայտարարել է, որ պատրաստ է խորհրդակցել Իրանի հետ պայմանով սակայն, որ Թեհրանը դադարեցնի ուրանի հարստացման ծրագիրը։ Միացյալ նահանգներն ու նրա դաշնակիցները մտահոգված են, որ Իրանը հարստացված ուրանը կօգտագործի միջուկային զենքերի մշակման համար։ Իրանի ղեկավարները պնդում են, որ այդ ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում։

Սենատի լսումներում օրենսդիրները հարցեր են ուղղել պաշտպանության նախարար Գեյթսին վարչակազմի առաջարկած նախապայմանների առնչությամբ։

՛՛ Միթե ավելի նպատակահարմար չէ իրանցիների հետ խոսել, պարզելու համար թե նրանք ինչի կարիքն ունեն՝՝, հարցրել է Սենատոր Առլեն Սփեքթըրը։

Ռոբերտ Գեյթսը պաշտպանել է վարչակազմի քաղաքականությունը, ասելով.

՛՛Տնտեսական, դիվանագիտական, կամ ռազմական ճնշումներով կարելի է Իրանի կառավարությանը շահագրգռել, որ իր կարիքների հարցով դիմի Միացյալ նահանգներին՝՝։

Ռոբերտ Գեյթսի համաձայն, դեռեւս անհայտ է, թե Թեհրանի հետ խորհրդակցությունները ինչպիսի արդյունք կունենան, սակայն հայտնի է, որ նախագահ Մահմուդ Ահմեդինեջադի օրոք Իրանը վերադարձել է իսլամական հեղափոխականների կարծր գծին։

Կալիֆորնիայի Սենատոր Դայան Ֆայնստայնի կարծիքով Միացյալ Նահանգները պետք է երկխոսություն սկսի Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեյի հետ.

՛՛Նման հարցերում Իրանում առավել կարեւոր է ոչ թե նախագահի, այլ Իրանի Գերագույն առաջնորդի կարծիքները։ Կարծում եմ որ մենք պետք է մասնավոր ուղիներով խորհրդակցությունների ձգտենք Գերագույն առաջնորդի հետ ։ Դրանից է կախված ամբողջ շրջանի ճակատագիրը՛՛։

Նախագահ Բուշը դեռեւս այս ամսվա սկզբներին Իսրայելի Կնեսետում հայտարարել էր, թե ՛՛ահաբեկիչների եւ ծայրահեղականների՛՛ հետ բանակցել նշանակում է նրանց տեղի տալ։ Շատերի կարծիքով Բուշի այդ ակնարկը ուղղված է եղել Իրանի դեմ։

XS
SM
MD
LG