Մատչելի հղումներ

Վրաստանը նոր քննության առջեւ


Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կարեւոր քննություն պիտի դառնան այս երկրի ժողովրդավարության, իշխանությունների, ընդդիմության ու ընտրողների համար։ Արդյո՞ք Վրաստանը ապաքինվել է հետնախագահան ընտրությունների թշնամական մթնոլորտից, թե՞ այս ընտրությունները պիտի դառնան բողոքի կիսատ մնացած ալիքի շարունակություն։

Վրաստանը հիրավի կանգնած է մի նոր քննության առջեւ։ Քննական գործընթացը Վրաստանն ակամայից սկսեց նախագահական ընտրություններով ու գրեթե չհանձնեց այն։ Այժմ գուցե ճիշտ կլիներ ասել, եկել է վերաքննության ժամանակը։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր քաղաքական 9 կուսակցություն եւ երեք դաշինք՝ պայքարելով 15Օ աթոռի համար ու նրանց միավորում էր միայն մեկ հարց՝ Ռուսաստանին վիրավորելու գնով, Արեւմուտքի հետ կապերը սերտացնելու գաղափարը։ Պայքար, որն ուղորդվում է աբխազական հակամարտությամբ, ինչն իր մասին հիշեցրեց նաեւ ընտրությունների օրը, երբ սկսվեց փոխհրաձգություն վրաց ոստիկանության եւ աբխազական ուժերի միջեւ։

Նախագահ Սահակաշվիլին, որն իշխանության եկավ Վարդագույն հեղափոխությամբ ու մնաց իշխանության ղեկին մի քանի ամիս առաջ անցկացված ու մեծ քննադատության արժանացած ընտրությունների արդյունքում, հպարտանում է երկրի 1Օ միլիարդ դոլար կազմող ու արագ զարգացող տնտեսությամբ, ընդդիմությունը՝ բողոքում իշխանությունների ինքնակալական ոճով ղեկավարելու փորձառության դեմ։

Մինչեւ ընտրությունները շատերն էին պնդում, որ այն չպիտի կարողանա արտահայտել ժողովրդի իրական կամքը։ Ինչպես օրինակ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի խոսնակ Քլաս Բերգմանն է ասել, ակնկանլվում են խաբեություններ հաշվարկի ժամանակ, ոստիկանության մեծ կուտակումներ ու քվեարկողների վրա ճնշումներ։

՝՝Ընտրությունները չեն ավարտվում քվեատուփերը փակելուն պես՛՛, մեզ հետ հեռախոսային հարցազրույցի ժամանակ ասաց ՝՝Հադսըն՛՛ հաստատության վերլուծաբաններից Ռիչարդ Վայցը։ Նրա կարծիքով, ընդդիմությունը գոհ չի մնալու ընտրության ընթացքից ու հավանաբար նորից սկսի բողոքի ցույցեր։

՝՝Հարցն այն է, կվերածվեն դրանք բռնությունների, ինչպես Վրաստանի ու Հայաստանի նախագահական ընտրությունները, թե՝ ոչ՛՛։

Ուրեմն ընտրություններին չի կարելի տալ արագ գնահատական, քանի որ արդյունքը միայն թիվը չէ, այլ նաեւ՝ հաջորդող մի քանի շաբաթները։ Այն, թե ինչպես եւ ինչ եղանակով կբաժանվի իշխանությունը եւ ինչպես ընդդիմությունը կներկայանա նախարարական խորհրդում։

Այս ամենից նաեւ մեծապես կախված կլինի միջազգային կառույցներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը։

XS
SM
MD
LG