Այն բանից հետո, երբ մայիսի 7-ին Լիբանանի կառավարությունը հայտարարեց Հեզբուլլահ շարժման գործունեությունը կրճատելու իր նպատակների մասին, այստեղ ստեղծվեց մի իրադրություն, որն այս երկիրը կանգնեցրեց քաղաքացիական նոր պատերազմի պռնկին՝ իրար դեմ հանելով Արեւմուտքի աջակցությունը վեյելող կառավարության աջակիցներին եւ Հեզբուլլահի կողմից ղեկավարվող ընդդիմությանը։ Հեզբուլլահի ղեկավար շեյխ Հասսան Նասրալլահի հրամանով, քաղաքացիական պատերազմի ավարտից հետո առաջին անգամը լինելով, Լիբանանի փողոցները ողողվեցին Հեզբուլլահի զինյալներով, մայրաքաղաք Բեյրութում մարտեր սկսելով կառավարությանն աջակից սուննի մահմեդական ուժերի դեմ, ինչը արագ տարածվեց դեպի քաղաքին նայող լեռները։ Մարտերի ընթացքում զոհվեց 81 մարդ։
Մարտերը դադարեցին երեքշաբթի օրը, երբ լիբանանյան բանակը հայտարարեց դրանք շարունակվելու դեպքում, իր կողմից ուժ կիրառելու հնարավորության մասին։
Սակայն փաստն այն է, որ բանակի այսպես ասած զսպվածության պայմաններում Հեզբուլլահի շիա մահմեդական ուժերը գրավեցին Արեւմտյան Բեյրութի մեծ մասը եւ խորհրդարանում սուննի մեծամասնության ղեկավար Սաադ Հարիրիի գրասենյակը։
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը այս ամբողջ լարվածության համար մեղադրում է Իրանին՝ ասելով, թե Լիբանանի երիտասարդ ժողովրդավարությունն ապակայունացնելու համար Թեհրանն օգտագործում է Հեզբուլլահի գործոնը։
Ուրեմն ի՞նչ պիտի արվի Լիբանանը նոր աղետից փրկելու համար։
Ինչպես երկրի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին է ասում, որը նաեւ Հեզբուլլահի կողմնակիցներից է, հարկավոր է, որ կառավարությունը չեղյալ հայտարարի Հեզբուլլահի դեմ ընդունած որոշումները։
Շատերի կարծիքով այն կլինի Սիրիայի հակառակորդ կառավարության եւ Սիրիայի աջակցությունը վայելող ընդդիմության միջեւ լարվածությունը մեղմելու առաջին քայլը։
Այդ գործին են լծվել արաբական երկրների արտգործնախարարները։ Քատարի վարչապետ շեյխ Համադ բին Յասիմի եւ Հեզբուլլահի հետ լավ կապեր ունեցող Արաբական լիգայի ղեկավար Ամր Մուսայի գլխավորած պատվիրակությունը Բեյրութի միջազգային օդանավակայան հասավ մասնավոր մի օդանավով։ Պատվիրակության կազմում ընդգրկված չեն սուննի աշխարհի գլխավոր դեմքերից Եգիպտոսը եւ Սաուդյան Արաբիան, ինչպես նաեւ շիա Հեզբուլլահի աջակից Սիրիան։
Ավելի ուշ Լիբանանի կառավարությունը պիտի վերանայեր Հեզբուլլահի դեմ ընդունած որոշումները։ Սակայն այն կկարողանա լուծել կառավարության ու այս կազմակերպության միջեւ հակամարտությունը, թե՝ ոչ, դժվար է ասել։ Չէ որ այս վիճակն է այստեղ տիրում արդեն մեկ եւ կես տարի, ինչի արդյունքում արդեն 18 ամիս Լիբանանը չունի նախագահ։
Եթե այն շուտով չլուծվի, Լիբանանը պատերազմի պռնկից կմտի քաղաքացիական նոր պատերազմի ասպարեզ։