Մատչելի հղումներ

Արդյո՞ք կսկսվի պատերազմ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ


Վրաստանն ու Ռուսաստանը շարունակում են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շուրջ փոխմեղադրանքները, ինչը մեծաթիվ վերլուծաբանների կարծիքով, ռազմական գործողություններ կամ պատերազմ սկսելու նախաբան կարող է լինել։ Ռուսաստանը մեղադրում է Վրաստանին, Աբխազիա լրտեսական օդանավեր ուղարկելու մեջ, Վրաստանը՝ հայտարարում, թե Մոսկվան պատրաստվում է իրեն կցել Աբխազիան եւ Հարավային Օսիան։

Վրաստանի անհանգստություններն ու այլոց օգնությունը հայցելու տրամադրություններն ավելի ցայտուն արտահայտվեցին այս երկրի պետնախարար Թեմուրի Յակոբաշվիլիի շուրթերից, որը Եւրոպական Միության ու ՆԱՏՕ-ի պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ անցկացնելու նպատակով մեկնելով Բրյուսել, լրագրողերին ասաց, թե պատերազմը կանխելու համար Եւրոպական Միությունը պիտի իրականացնի որոշակի քայլեր։

Նրա խոսքերով, րոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Ռուսաստանը սադրում է պատերազմ։ ՛՛Հարկավոր է, որ Եւրոպական Միությունը հակամարտության գոտում մեծացնի իր ներկայությունը եւ Ռուսաստանի նկատմամբ որդեգրի ավելի կարծր դիրքորոշում՝՝, ասաց նա։

Վրաց նախարարը դադար չի առնում ասելու, թե զորքերի նոր տեղաբաշխումից մինչեւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի նկատմամբ հաստատված տնտեսական պատժամիջոցներից Ռուսաստանի հրաժարվելու քայլերը խոսում են այն մասին, որ Ռուսաստանն ուզում է իրեն բռնակցել Վրաստանի անջատողական երկու հատվածները։

Վերլուծաբաններից ոմանք գտնում են, որ երբ Ռուսաստանը հայտարարում է, թե Վրաստանը մտադիր է ներխուժում իրականացնել Աբխազիա, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանն է պատրաստվում ներխուժել Աբխազիա։ Որոշ վերլուծաբաններ նույնիսկ ենթադրում են, որ դա նշանակում է, թե Ռուսաստանն ուզում է ներխուժել Վրաստան։ Եւ սա ի պատասխան, առանց իր համաձայնության, Կոսովոյին տրված անկախության։

Կա այն կարծիքը նաեւ, թե Ռուսաստանի այս կարծր դիրքորոշումը երկրի նոր նախագահին, մինչեւ պաշտոնամուտը, վճռական դիրքեր ապահովելու նպատակ ունի։

Իսկ ի՞նչ է անում Արեւմուտքը, որի հետ Թբիլիսին մեծ հույսեր է կապում։

Առայժմ հանդես է գալիս զսպվածության կոչերով եւ սպասում, թե ինչպես այս ամենին կպատասխանի Դմիտրի Մեդվեդեւը։ Սակայն ինչպես Ջոն Հոփքինզ համալսարանի Կենտրոնական Ասիայի հարցերով հետազոտությունների ծրագրի ղեկավար Սվանտե Կորնելն է ասում, հարկավոր է, որ Վրաստանը հանդես գա ավելի զգույշ։ Պետք է ընդունի, որ իր դեմ ունի հզոր հակառակորդ եւ որ Արեւմուտքն ու ԱՄՆ-ը միացյալ չեն։ ՝՝Ու եթե նրանց կողմից իրականացվող որեւէ վճռական քայլից հետո Ռուսաստանը դիմի ավելի կտրուկ քայլերի, իրադրությունն ավելի կվատթարանա, քան Արեւմուտքի կողմից ընդհանրապես ոչինչ չանելու դեպքում՛՛։

Բայց մեծ են Արեւմուտքից Թբիլիսիի սպասելիքները։

Ինչպես Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն ասաց երկուշաբթի օրը, Վրաստանը ստանում է ԱՄՆ-ի մեծ աջակցությունը եւ որոնում նման աջակցություն եւրոպական երկրներից։ Նրա խոսքերով, խաղաղության իրենց ծրագիրը շատ հետաքրքիր է, ՝՝որն առաջ տանելու համար պահանջվում է Եւրոպայի հավանությունը՛՛։

XS
SM
MD
LG