Մատչելի հղումներ

Ռուս թուրքական հարաբերությունների մասին գիտաժողով Ջեյմսթաուն հաստատությունում


Ռուս թուրքական հարաբերությունների պատմության, Խորհրդային Միության փլուզումից հետո սկսված մրցակցության եւ ի վերջո այդ հարաբերություններում լարվածության նկատելի թուլացման մասին էր Վաշինգտոնի Ջեյմսթաուն հաստատության կողմից հրավիրված գիտաժողովի թեման

՛՛Ռուս-թուրքական դիրքերի մոտեցումը՛՛ վերտառությամբ գիտաժողովի բանախոսներն էին Միջին Ասիայի ու Կովկասյան հաստատության վերլուծաբան Մարլին Լորելը եւ Ջեյմսթաուն հաստատության Եւրասիայի արտաքին հարաբերությունների հարցերով փորձագետ Ջոն Դալին, ովքեր, ներկայացնելով ռուս-թուրքական մի քանի դարերի հիմնականում ոչ բարեկամական հարաբերությունները, ցույց տվեցին այդ լարվածության մեջ նկատվող մեղմացման հակումները։

Նրանք գտնում են, որ երկու երկրների միջեւ մրցակցությունն ընթացել է ռուսական եւրասիացիների եւ թուրքական ավրազիա կոչվող գաղափարախոսությունների բախման արդյունքում։ Անցած դարի 2Օ-ական թվականներին Ռուսաստանում ծնունդ առած եւրասիացիների գաղափարախոսությունը հենված է, եւրոպական մոդելը մերժելով, Ասիայում կարեւոր դեր ստանձնելու մտքի վրա։ Բանախոսների խոսքերով, այս ուղղությունը վերածնվեց Խորհրդային Միության փլուզումից հետո եւ դարձավ քաղաքական ուղղություն Կրեմլի համար։ Եւ եթե ԱՄՆ-ի դաշնակիցներ էին համարվում Մեծ Բրիտանիան՝ Եւրոպայում, Չինաստանն՝ Ասիայում եւ Թուրքիան՝ մահմեդական աշխարհում, ապա Ռուսաստանը պետք է բարեկամական հարաբերություններ որոներ Գերմանիայում, Ճապոնիայում եւ Իրանում՝ իր ազդեցության լծակները փորձելով պահպանել Միջին Ասիայում։

Մյուս կողմից, նշում են վերլուծաբանները, Խորհրդային Միության փլուզումը դարձավ Թուրքիայում պանթուրքիզմ գաղափարախոսության վերածննդի պատճառ, որը որդեգրեց Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի խոսքերով ասած՝ Ադրիատիկ ծովից մինչեւ Չինական պատ թուրքական ինքնությունը տարածելու նպատակ։

Ինչպես Միջին Ասիայի ու Կովկասյան հաստատության վերլուծաբան Մարլին Լորելն է ասում.

՝՝Սակայն պատմությունը ցույց տվեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո միջինասիական երկրներն այնքան էլ ոգեւորված չեն իրենց անկախությունից գեթ մասնակիորեն հրաժարվելու մտքով, ինչն արտահայտվեց Անկարայի հետ Ուզբեկստանի ու Թուրքմենստանի համագործակցության թուլացմամբ։ րանց միջեւ առեւտուրը երբեք չհասավ Թուրքիայի երազած մակարդակին՛՛։

Ջեյմսթաուն հաստատության Եւրասիայի արտաքին հարաբերությունների հարցերով փորձագետ Ջոն Դալիի խոսքերով, ՝՝Ասիայում կարեւոր դեր ստանձնելու հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի հակաեւրոպական կեցվածքը սակայն չի տալիս երկու երկրների միջեւ կայուն ռազմավարական համագործակցություն սկսելու հիմքեր՛՛։

Բայց, չնայած Կովկասում Ռուսաստանի ռազմական ներկայության, Լեռնային Ղարաբաղի, Չեչնիայի ու քրդական հարցերում առկա լուրջ տարաձայնություններին, 1997-ից սկսվեց ռուս-թուրքական հարաբերությունների թեթեւ սերտացում։ Ըստ վերլուծաբանների, ասիական երկրներում իրենց դերը հաստատելու գործում սկսած պայքարից ինչ որ չափով հրաժարվելու արդյունքում, այժմ Թուրքիայի հետ Ռուսաստանը դարձել է առեւտուր կատարող երկրորդ ամենախոշոր պետությունը։

Մոսկվան աջակցում է Եւրոպական Միությանն անդամակցելու Թուրքիայի ջանքերին եւ Հյուսիսային Կիպրոսի հակամարտության մեջ այս երկրի քաղաքականությունը, Թուրքիան՝ պաշտպանում Մերձավոր Արեւելքում Մոսկվայի աճող դերը։ Երկու երկրները թուլացրել են հարաբերություններն Իսրայելի հետ ու զարկ տվել Սիրիայի եւ Իրանի հետ բարեկամական կապեր հաստատելու ջանքերին, ինչը Ռուսաստան-Թուրքիա-Իրան-Սիրիա դաշինքի վերածվելու դեպքում, կարող է մեծապես խանգարել այս տարածաշրջանում իր որոշիչ դերն ունենալու ԱՄՆ-ի նպատակները։

XS
SM
MD
LG