Մատչելի հղումներ

Ըստ Freedom House-ի զեկույցի, 2ՕՕ7-ին մամուլի ազատությունների հարցով տարածաշրջանում Հայաստանից հետ էր մնում միայն Ադրբեջանը


Freedom House-ը հանդես է եկել մամուլի ազատությունների մասին ամենամյա հաշվետվությամր, որի համաձայն 2ՕՕ7 թվականին եւս Հայաստանի մամուլը համարվել է ոչ ազատ։

՝՝Չնայած մամուլի ազատությունը երաշխավորող սահմանադրությանը, Հայաստանի կառավարությունը եւ իշխող կուսակցությանն աջակից ուժերը հաճախ չեն հարգում ազատությունների մասին օրենքը՛՛, ասված է զեկույցում։

Օրինակ է բերվում ՝՝Ժամանակ Երեւան՛՛ թերթի խմբագիր Արմեն Բաբաջանյանի ազատազրման փաստը՝ ներկայացնելով դրա քաղաքական դրդապատճառների մասին մամուլի ծառայությունների տեսակետը։

Զեկույցում նորից հիշատակվում է Ա1+ հեռուստաալիքին 2ՕՕ7 թվականին եւս եթեր չտրամադրելու փաստը։

՝՝Չնայած կառավարությունը մամուլի վրա չունի ուղղակի վերահսկողություն, այն իրականում բանեցնում է անուղղակի ճնշումներ՝՝, ասված է զեկույցում, որը գտնում է, որ Ա1+-ին եթերից զրկելուց հետո հեռուստակայանների մեծ մասը քաղաքականապես հակվել է դեպի իշխանությունները, հանդես են գալիս ավելի զգուշավոր հրապարակումներով, երբեմն՝ անտեսում ընդդիմության պահանջները։

՝՝Ինչ վերաբերում է տպագիր մամուլին, ֆինանսական դժվարությունների պատճառով թերթերից շատ քչերն են կարողանում հանդես գալ անկախ։ Թերթերի առջեւ ծառացած խնդիրներն ավելի են խորանում բաշխիչ ընկերությունների վրա նոր հարկեր դնելու մասին ընդունված օրենքի պատճառով՛՛, ասված է Freedom House-ի ամենամյա զեկույցում, որը մամուլի ազատությունների հարցում Հայաստանին 2ՕՕ7 թվականին տալիս է 64 միավոր։ Իսկ որքան բարձր է միավորը, այնքան ավելի մեծ են ազատությունների վրա դրված արգելքները։

Ըստ զեկույցի, 2ՕՕ6-ի համեմատ Թուրքիայում 2ՕՕ7-ին լրագրողների նկատմամբ սկսված դատավարությունների թիվը 157-ից հասել է 293-ի։ Միայն թուրքական ինքնությունը վիրավորելու մասին թիվ 3Օ1 հոդվածով դատարանի առջեւ է կանգնել 72 մարդ։ Զեկույցը քննադատում է այս հոդվածը նաեւ Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար մարդկանց դեմ դատական գործեր հարուցելու պատճառով եւ հիշեցնում այդ հոդվածով մեղադրանքներ ստացած Հրանտ Դինքի սպանության մասին։

Freedom House-ը դրական տեղաշարժ է Թուրքիայում համարում ազգային լեզուներով հեռուստատեսային ու ռադիո հաղորդումների հեռարձակումը, ՝՝չնայած դրանց վրա դրված սահմանափակումներին ու վատ որակին՛՛։

Ադրբեջանին վերաբերող հատվածում ասված է, թե 2ՕՕ7-ին այս երկրի կառավարությունն արգելում էր անցկացնել լրագրողների եւ ընդդիմության կողմից հասարակական լսումներ։ ՝՝Բռնություններն ու ճնշամիջոցները մնում էին որպես մտահոգության առարկա։ Ու չնայած այս երկրում կա ընդդիմությանը հարող մամուլ, մասնավոր կայանների մեծ մասը տնօրինում է իշխող կուսակցությունը, իսկ մյուսները, որոնք ներկայացնում են անկախ տեսակետներ, չունեն ամբողջ երկրի տարածքում իրենց եթերը սփռելու հնարավորություն՛՛։

Զեկույցում ասված է, թե Վրաստանում մամուլի վրա 2ՕՕ7-ին հատուկ վերահսկողություն ուներ պաշտպանության նախարարությունը՝ զրկելով քննադատական դիրքեր ունեցող լրագրողներին ընթացող իրադարձությունների մասին մեկնաբանություններով հանդես գալու իրավունքից։

Թուրքիան Freedom House-ի 2ՕՕ7 թվականի զեկույցի համաձայն ստացել է 49 միավոր, Վրաստանը՝ 57։ Այս առումով տարածաշրջանում 2ՕՕ7-ին Հայաստանից հետ էր մնում միայն Ադրբեջանը՝ 75 միավորով։

XS
SM
MD
LG