Մատչելի հղումներ

Բռնություններ թուրք կանանց դեմ


Միջազգային Ներում կազմակերպությունը հայտարարել է, որ թուրք կանանց գրեթե կեսը ընտանեկան բռնությունների զոհեր են։ Այդ կազմակերպության ներկայացուցիչը Ստամբուլից հայտնում է, որ Թուրքիայում հազարավոր կանայք ամեն օր ենթարկվում են բռնությունների։

՛՛Նրանց ծեծում են, բռնաբարում եւ նույնիսկ որոշ դեպքերում սպանում են կամ ստիպում, որ ինքնասպան լինեն։ Դեռատի աղջիկներին փոխանակում են որպես գույք եւ հարկադրում են վաղ ամուսնանալ։ Ամուսինները, եղբայրները, հայրերն ու որդիները հաճախ այս չարաշահումների պատասխանատուներն են՝՝, ահա այսպես է նկարագրում որոշ թուրք կանանց ճակատագիրը Միջազգային Ներում կազմակերպության Ստամբուլի ներկայացուցիչ Բուրչու Տուրկեյը։

Անցյալ տարի 18ՕՕ ամուսնացած թրքուհիների մասնակցությամբ Թուրքիայի Գիտահետազոտությունների խորհրդի մի ուսումնասիրության համաձայն, յուրաքանչյուր երեք թուրք կանանցից մեկը տառապել է ընտանեկան չարաշահումներից։ Թուրքիան պայքարում է այսպես կոչվող ՛՛պատվի համար՛՛ սպանությունների դեմ. Սպանություններ, որոնց զոհ են գնում իրենց ընանիքի հեղինակությանը, ՛՛վնասող՝՝, արարքների, ինչպես օրինակ արտա-ամուսնական հարաբերությունների ու չամուսնացած մայր դառնալու մեջ մեղադրվող կանայք։

Կանանց դեմ գործադրվող բռնությունների զոհերից է Էմինե Յամանը։ Իր ամուսնու ատրճանակի կրակից վիրավորված Էմինեն այժմ ընդմիշտ գամված է անկողնուն։ Նրա ամուսինը կարճատեւ բանտարկությունից հետո ազատ է արձակվել եւ շարունակում Էմինեյին ֆիզիկապես եւ հոգեպես չարաշահել։

Էմինեն ստիպված էր ստել եւ թաքցնել իր ամուսինու դաժան արարքները, որպեսզի վերջինս բանտից տուն վերադառնար եւ իրեն օգներ երեք երեխաներին խնամելու գործում, որովհետեւ իշխանությունները նրան այդ գործում ոչ մի օգնություն չեն տրամադրում։

Թուրք լրագրողները էմինեյի կյանքի պատմությունը ընտանեկան բռնությունների ծայրահեղ օրինակ են բնութագրում, 7Օ միլիոն բնակչությամբ եւ մեծամասնաբար մահմեդական, սակայն աշխարհիկ կարգեր ունեցող այս երկրում։

Թուրքիայում կանանց դեմ բռնությունների մասին քննարկումները վերաբորբոքվեցին վերջերս իտալացի մի արվեստագետի սպանության դեպքից հետո։

Ջուզեպինա Պասքուալինո դի Մարինեոին վերջին անգամ տեսել էին Թուրքիայում խաղաղության մի քայլարշավի ժամանակ։ Սակայն ապրիլի 12-ին հայտնաբերվել էր նրա դիակը իսկ նրա սպանության մեջ հանցավոր էր ճանաչվել թուրք մի անձ։

Վերջին տարիներին Եվրամիության եւ կանանց խմբերի ճնշումների ներքո Թուրքիան քրեական օրենսգրքից հանել է կանանց դեմ խտրականություն բանեցնող բազմաթի օրենքներ, եւ արգելել է աշխատավայրերում կանանց դեմ սեռական բնույթի չարաշահումները։

Սակայն կանանց իրավունքների ջատագովներն ասում են, որ Թուրքիան թերանում է այդ օրենքների կիրառման գործում, իսկ ոստիկանությունն ու դատավորները պետք է ուղարկվեն վերապատրաստման դասընթացների։Ինչպես նշել է Ստամբուլի բնակիչներից Հանդե Կայնակը, ՛՛կանանց դեմ դաժան վերաբերմունքը անմարդկայն է, իսկ բռնությունները անհանդուրժելի են՛՛։

XS
SM
MD
LG