Մատչելի հղումներ

Հռոմի պապ Բենեդիկտ 16-րդը Վաշինգտոնում


Հռոմի պապ Բենեդիկտ 16րդը վեցօրյա այցելությամբ Միացյալ Նահանգներում է գտնվում։ Չորեքշաբթի օրը պապը այցելեց Սպիտակ Տուն, հինգշաբթի նա բացօդյա պատարագ մատուցեց Վաշինգտոնի բեյսբոլի ընդարձակ մարզադաշտում եւ ուրբաթ նա ելույթ կունենա Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնատեղիում։

Հինգշաբթի Վաշինգտոնի բեյսբոլի նորակառույց մարզադաշտը վերածվեց հսկա տաճարի, մոտ 22 մետր բարձրությամբ խորանով, մարզադաշտի կենտրոնում։ Այն լի էր ո՛չ թե սպորտասերներով, այլ հավատացյալներով, ովքեր եկել էին մասնակցելու կաթոլիկյան պատարագի բացօդյա արարողությանը Հռոմի պապ Բենեդիկտ 16րդի հովվապետությամբ։

Հովվապետի Միացյալ Նահանգներ կատարած այս առաջին այցելության գլխավոր առաքելությունն է մոլորված կաթոլիկներին ո՛չ թե հանդիմանելը, այլ նրանց ոգեշնչելը ։

՛՛ Աստծուն պետք է աղերսել որպեսզի այս երկրի եկեղեցուն նոր սուրբ հոգի հաղորդի՝՝, ասաց հովվապետը։

Պապ Բենեդիկտ 16րդը իր այցելության ընթացքում առաջին անգամը լինելով ընդունել է կաթոլիկ հոգեւորականների կողմից Միացյալ Նահանգներում սեռական չարաշահման աղմկահարույց դեպքերի լուրջ հետեւանքները կաթոլիկ հավատացյալների համար։

՛՛Տեղի ունեցածը չարիք եւ անբարոյականություն էր եւ երբեք այլեւս չպիտի կրկնվի՝՝, ասել է պապը։

Չնայած ամերիկյան կաթոլիկյան եկեղեցու դժվարություններին, մոտ 5Օ.ՕՕՕ հավատացյալներ էին հավաքվել Վաշինգտոնի բեյսբոլի նորակառույց մարզադաշտում, թերեւս վկայելով այն մասին, որ կաթոլիկյան հավատքի վերածնունդի պապ Բենեդիկտի հույսը սկսում է արմատներ գցել։

Պապը հինգշաբթի ավելի ուշ հանդիպեց կաթոլիկյան կրոնի ուսուցիչների հետ։ Ուրբաթ օրը պապը ելույթ կունենա Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնատեղիում եւ հարգանքի տուրք կմատուցի սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին Նյու Յորքում կառուցված հուշակոթողի մոտ։

XS
SM
MD
LG