Մատչելի հղումներ

Հայաստանի ու Վրաստանի իրադրության շուրջ քննարկումներ ՝՝Ազատություն՛՛ ռադիոկայանի վաշինգտոնյան կայանում


՝՝Ազատ Եւրոպա, Ազատություն՛՛ ռադիոկայանր Վաշինգտոնի իր կայանում հրավիրել էր քննարկում Հայաստանում եւ Վրաստանում վերջին մի քանի ամիսների իրադրության, ժողովրդավարությունից հեռացման ու զարգացող դեպքերի շուրջ։

Հանդիպման բանախոսներն էին վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը եւ Ջորջթաուն համալսարանու Եւրասիական ռազմավարության ծրագրերի ղեկավար Քորի Ուելթը։ Ռադիոկայանի Պրագայի կենտրոնակայանից հեռուստակապով ներկա էին հայկական ու վրացական ծառայությունների ղեկավարներ Հրայր Թամրազյանը եւ Դավիթ Կակաբաձեն։

Հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանը, ներկայացնելով Հայաստանի ներքին իրավիճակը, նշելով, որ Սերժ Սարգսյանը հայտարարում է երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին, ասաց, թե իրականում չկա երկխոսության որեւէ նշան։

Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերով, ինքը լիովին հիասթափված է Հայաստանում նախ եւ հետընտրական գործընթացներով։

Եթե նախկինում այն տպավորությունն էր, որ Քոչարյանից իշխանության փոխանցումը Սարգսյանին տնտեսական կայուն աճի եւ ներքաղաքական իրավիճակի ստատուս քվոյի պահպանում էր, այ՚սօր այն այլեւս այդ տեսքը չունի, ասաց նա։

Նրա խոսքերով, Հայաստանում չի գործում քաղաքական կուլտուրան իսկ ժողովուրդը վաղուց է զրկվել ընտրություն կատարելու հնարավորությունից եւ իր ձայնից։

Նրա կարծիքով, մեծ խնդիր է երկրում տիրող քաղաքական եւ սոցիալական անհավասարությունը եւ ցավալի է, որ շատ հարցերում է Հայաստանը կրկնօրինակում Ռուսաստանին։

Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերից հետո հայտարարաված արտակարգ իրավիճակին, այն շատերի կարծիքով, միայն հրադադար էր, ասաց Կիրակոսյանը, հավելելով, թե հակամարտությունը ոչ մի կերպ չի ավարտվել։

Բանախոսը դատապարտեց Արեւմուտքին ու ԱՄՆ-ին՝ Հայաստանի ընտրություններից հետո պարզապես դրական գործընթացներ որոնելու մեջ, սակայն գովելի էր, ասաց նա, որ Մեթյու Բրայզան եւ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը ի վերջո ընդունեցին ավելի քննադատող դիրքեր։

Ներկա պայմաններում տարածաշրջանում շատ վտանգավոր է սպառազինման մրցավազքը եւ նոր կառավարության վրա է ընկնում երկխոսություն սկսելու պարտականությունը՛՛, ասաց նա։

Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը կարեւորեց Հայաստանում Եւրոպական Միության, ԱՄՆ-ի եւ Ռուսաստնի ջանքերով ժողովրդավարական հաստատություններ հիմնելու դերը, եզրափակելով, որ միեւնույնն է, տարածաշրջանը վտանգի տակ է։

Վերջում բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին։

XS
SM
MD
LG