Մատչելի հղումներ

Ռուսաստանի ապագան Մեդվեդեւի օրոք


Օրերս Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում անցկացվեց հանդիպում՝ քննարկելու համար Վլադիմիր Պուտինի օրոք Ռուսաստանի ձեռքբերումներն ու բացթողումները, ինչպես նաեւ նրանից հետո այս երկրի զարգացման առջեւ կանգնած խնդիրները։

Ռուսաստանում անցած ութ տարիները քաղաքագետների, տնտեսագետների եւ վերլուծաբանների կողմից հաճախ արժանանում են հակասական գնահատականների, ինչն իր արտացոլումը գտավ Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի ՝՝Մեդվեդեւի Ռուսաստանը. Քաղաքական ու տնտեսական հեռանկարներ՛՛ վերտառությամբ գիտաժողովում։

Որքա՞ն էր արդար Ռուսաստանում իշխանությունը Պուտինից Մեդվեդեին անցումը, ի՞նչ ուղղությամբ կզարգանան ռուս-ամերիկյան հարաբերությունները, ինչպե՞ս կզարգանա տնտեսությունը երկրում, կմն՞ա արդյոք Ռուսաստանը կախյալ իր բնական պաշարներից, ինչպե՞ս կազդեն տնտեսական փոփոխությունները քաղաքական մթնոլորտի վրա։

Սրանք էին այն հարցերը, որոնց վրա կենտրոնացան բանախոսները։

՛՛Կատո՝՝ հաստատության համաշխարհային ազատությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Անդրեյ Իլարիոնովը դատապարտեց Ռուսաստանում ընտրությունների անցկացման ձեւերը, դրանց ընթացքը եւ բերեց օրինակներ ընտրությունների ընթացքում վերեւից կազմակերպված անօրինականություններն ապացուցող փաստեր։

Տնտեսության մասին խոսելիս՝ նա ասաց, թե Ռուսաստանում մարդկանց կյանքի կենսամակարդակի որոշակի բարձրացումը պայմանավորված է զուտ նավթի համաշխարհային գների բարձրացումով եւ գրեթե չի կարող լինել այս երկրի տնտեսական զարգացման ցուցանիշ։ ՝՝Դրա վառ ապացույցն է այն, որ համախառն ներքին արտադրանքի մեկ շնչին հասնող ծավալներով Ռուսաստանը հետ է մնում նախկին խորհրդային մի շարք երկրներից՛՛ ասաց նա։

Ռուսաստանի Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միությունը, որի անդամներին հաճախ անվանում են ՝՝միլիրադատերեր՛՛, դիմել է Մեդվեդեին՝ իրենց սեփականության իրավունքները հարգելու կոչով եւ իրենց գործերին պետության կողմից միջամտությունը դադարեցնելու հորդորով։

Չնայած Մեդվեդեւը խոստացել է շարունակել իր ուսուցչի՝ Պուտինի ուղին, շատերը հավատում են, որ, լինելով մասնավոր ճյուղում աշխատած առաջին նախագահը Ռուսաստանում, նա կարող է ավելի բարյացակամ դիրք որդեգրել մասնավոր ճյուղի նկատմամբ, քան իր նախորդը։

Նման միտք արտահայտվեց նաեւ գիտաժողովի ժամանակ։ ՝՝Մեդթրոնիկ՛՛ ընկերության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Թրեւոր Գաննի խոսքերով, որեւէ մեկը ժամանակին չէր կարծում, որ փոփոխություններ տեղի կունենային Գորբաչեւի օրոք։ ՝՝Այնպես որ, Ռուսաստանի տնտեսության մասնավոր ճյուղն ունի ակնկալիքներ նոր ղեկավարությունից՛՛, ասաց նա։

Ռուսաստանի թուլության ու այդ թուլությունից օգտվելու համար Մոսկվայի ամերիկյան համալսարանի նախագահ Էդվարդ Լոզանսկին քննադատեց Արեւմուտքին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, որը նրա խոսքերով, չի ցանկանում Ռուսաստանի ինտեգրացումը Արեւմուտքին։ Նա հիշեցրեց, որ դեռեւս Ջորջ Բուշ ավագն էր խոստացել, որ Վարշավյան դաշինքի փլուզման դեպքում ՆԱՏՕ-ը չի ընդարձակվի, սակայն տեղի ունեցավ հակառակը։

Իսկ այսօր, ելնելով ԱՄՆ-ի նախագահական թեկնածու Մաքքեյնի հայտարարություններից, կարելի է ենթադրել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների համար, նրա ընտրվելու դեպքում, սպասվում են դժվար օրեր։

Վերջում հետեւեցին հարց ու պատասխաններ։ Մասնավորապես Հայաստանի վրա Ռուսաստանում զարգացող իրադարձությունների ազդեցության մասին հարցին տրվեց պատասխան, որ այդ ազդեցությունը կրկօրինակման ձեւով արտահայտվեց Հայաստանի նախագահական ընտրությունների ժամանակ, ինչը ՝՝ցավոք սրտի, դրական ազդեցություն չէ՛՛։

XS
SM
MD
LG