Մատչելի հղումներ

՝՝Հայաստանին հարկավոր է հղել ավելի խիստ ուղերձ՛՛


Միջազգային ճգնաժամային խումբ կազմակերպությունը ապրիլի 8-ին հրապարակեց Հայաստանի նախագահական ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածը գնահատող զեկույց՝ հիմնական շեշտը դնելով Հայաստանի իշխանությունների վրա միջազգային համայնքի կողմից ճնշումներ բանեցնելու կարեւորության վրա։

՝՝Ավելի քան մեկ տասնամյակ Հայաստանում ժողովրդավարությունը նահանջ է ապրում թերի ընտրությունների պատճառով, գործադիր մարմնի, բանակի եւ անվտանգության ծառայությունների ձեռքում իշխանույթյունը կենտրոնացնելու փաստով՛՛, ասել է կազմակերպության Կովկասյան ծրագրի տնօրեն Մագդալենա Ֆրիխովան, մամուլի ասուլիսի ժամանակ։

Հաշվետվության համաձայն, քանի դեռ Հայաստանի իշխանությունները չեն կատարում միջազգային կազմակերպությունների, Եւրոպական Միության եւ ԱՄՆ-ի պահանջները, վերջիններս պետք է դադարեցնեն արտաքին օգնությունը եւ հետաձգեն համագործակցությունը սերտացնելու շուրջ բանակցությունները, իսկ Եւրախորհուրդը պետք է քննարկի Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու հարցը։

Միջազգային ճգնաժամային խումբ կազմակերպությունը առայժմ անբավարար է համարում ընտրությունների ժամանակ իրականացված կեղծումները եւ ցուցարարների դեմ ՝՝մահացու՛՛ ճնշամիջոցները գնահատելու Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը, ու միջազգային համայնքին հղում ավելի խիստ ուղերձով հանդես գալու կոչ։

Ինչպես կազմակերպության Կովկասյան ծրագրի ղեկավար Մագդալենա Ֆրիխովան ասաց ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը, սա Հայաստանի նախագահական ընտրություններից հետո Հայաստանի մասին մինչ այժմ հրապարակված ամենախիստ զեկույցն է, քանի որ ավելի ընդգրկուն է, անդրադառնում է ամբողջ իրողությանը եւ իրողությունը չշտկելու հակվածությանը։

Նրա խոսքերով, ընտրություններից հետո շատ հափշտապ էին ընտրություններին հավանություն տալու միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների կազմակերպության նախնական զեկույցները։

՝՝Իրականում ընտրությունները Հայաստանում շատ անկատար էին, ինչին գումարվեցին մարտի 1-ի դեպքերը, ավելի մեծ ստվեր գցելով ընտրական ամբողջ ընթացքի վրա՛՛, ասաց նա։

Ինչպես վերլուծաբանն ասաց, զեկույցը Հայաստանի վարչակազմն անվանում է ՝՝վարչակարգ՛՛, հենվելով այն փաստի վրա, որ այն կլանային է, ոտնահարում է ժողովրդավարական արժեքները, ճնշում մամուլի ազատությունը։

Միջազգային ճգնաժամային խումբ կազմակերպության Կովկասյան ծրագրի ղեկավար Մագդալենա Ֆրիխովան չի կարծում, որ ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունները հաշվի են առել միջազգային կառույցների խորհուրդները, ՝՝սակայն այժմ հարկավոր է սպասել՝ տեսնելու համար, թե արդյոք Սերժ Սարգսյանը կորդեգրի ավելի կառուցողական մոտեցումներ, քան իր նախորդը։ Նրանից է կախված ընդդիմության հետ երկխոսություն սկսելու գործը, այդ գործից է կախված լինելու Հայաստանի նկատմամբ միջազգային համայնքի վերաբերմունքը փոխելու հնարավորությունը՛՛, ասաց նա։

XS
SM
MD
LG