Միացյալ Նահանգների Պետական գանձարանի նախագահ Բեն Բերնանկեն Կոնգրեսին զգուշացրել է, իր բառերով, ՛՛ տնտեսական անկման հավանականության՝՝ մասին։ Բերնանկեն, ով նախկինում հրաժարվել էր այդ մասին անկանրկներ անելուց, Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների տնտեսությունը դժվար թե որեւէ աճ արձանագրի մինչեւ տարվա երկրորդ կեսը։ Բեն Բերնանկեն Կոնգրեսի տնտեսական հարցերով հանձնաժողովին հայտնել է, որ ամերիկյան տնտեսությունը դժվար թե որեւէ աճ արձանագրի տարվա առաջին վեց ամիսների ընթացքում։ Հանձնախմբի նախագահ սենատոր Չառլզ Շումերն ասել է, թե Բերնանկեյի հայտարարությունը ազդարարում է տնտեսական անկման հավանականության մասին. ՛՛Կարծում եմ, որ այս հայտարարությունը տնտեսական անկման հավանականության մասին ձեր արած ամենահոռետես հայտարարությունն է։ Դուք այժմ կարծում էք, որ տնտեսական անկումը հավանական է եւ անշուշտ ավելի հավանական քան սրանից մի քանի ամիս առաջ էր՝՝։ Չնայած անշարժ գույքի եւ վարկային շուկաների անկնման պատճառած տնտեսական անորոշությանը, Բերնանկեն ասել է, թե Կենտրոնական բանկի վերջերս ձեռնարկած միջոցները հավանաբար կամրապնդեն ամերիկյան տնտեսությունը։ Պետական գանձարանը, վարկատոկոսների կրճատումներից բացի, միջամտեց ՛՛Բեր Ստըրնզ՝՝ կոչվող ձախողված ներդրումների բանկի տնօրինության փոխանցման աշխատանքներին։ ՛՛Նկատի առնելով համաշխարհային տնտեսության եւ ֆինանսական համակարգի վրա գործադրվող ներկա ճնշումները Բեր Ստըրնզ ընկերության ձախողումը կարող էր շատ ավելի ծանր անդրադառնալ տնտեսության վրա՝՝, ասել է Բերնանկեն։ Ֆինանսական հարցերով փորձագետները անցյալում Պետական գանձարանին քննադատել են հարկատուների հաշվին ձախողված ընկերություններին օգնելու համար։ Սակայն Բերնանկեն վստահեցրել է, որ Պետական գանձարանի ծրագերը ի վերջո կնպաստեն տնտեսության վերականգնմանը։ ՛՛Անշուշտ Միացյալ Նահանգների տնտեսությունը դժվար շրջանում է։ Սակայն զանազան մարտահրավերներ դիմագրավելու եւ դժվարություններին համակերպվելու կարողությունը մեր տնտեսության առավելություններից մեկն է։ Անհրաժեշտ նկատվող տնտեսական եւ ֆինանսական կանոնավորման գործընթաց է կիրառվել եւ ակնկալվում է, որ դրամական ու բյուջետային ծրագրերը կնպաստեն, որ տնտեսական աճ արձանագրվի այս տարվա երկրորդ կեսի եւ առաջիկա տարվա ընթացքում՛՛ ասել է Բեն Բերնանկեն։ Որոշ փորձագետներ ենթադրում են,որ Միացյալ Նահանգները արդեն իսկ տնտեսական անկման մեջ է։ Սակայն շուտով հրապարակվելիք տնտեսական նորագույն ցուցանիշները կպարզեն,թե այդ ենթադրությունները որքանով են ճիշտ։ |