Մատչելի հղումներ

Ապրիլի վեցին կկայանա հանդիպում նախագահներ Բուշի եւ Պուտինի միջեւ


Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը ապրիլի վեցին կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեւծովյան Սոչի քաղաքում։ Ակնկալվում է, որ երկու նախագահները կքննարկեն հակահրթիռային պաշտպանության համակարգի հարցը։

Ակնկալվում է, որ իրենց հանդիպման ընթացքում նախագահներ Բուշն ու Պուտինը կքննարկեն մի շարք վիճելի հարցեր, որոնց թվում նաեւ հակահրթիռային պաշտպանական համակարգի հարցը։

Անցյալ ամիս արտգործնախարար Քոնդոլիսա Ռայսն ու պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը Մոսկվայում խորհրդակցեցին բարձրաստիճան ռուս պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ նախագահ Բուշի նամակը փոխանցեցին Ռուսաստանի նախագահին։ Ավելի ուշ, Պուտինը նամակի բովանդակությունը նկարագրեց որպես լուրջ փաստաթուղթ երկու երկրների միջեւ առկա վեճերի լուծման ուղղությամբ ։

ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Բոլթընը Ամերիկայի Ձայնին հայտնել է, թե միջուկային կարողությամբ խարդախ երկրների դեմ ուղված հակահրթիռային պաշտպանական համակարգը պրն Բուշի պաշտոնավարության առաջնահերթություններից մեկն է.

՛՛2ՕՕ1 թվականին նախագահ Բուշը Ռուսաստանին առաջարկեց համագործակցաբար լրացուցիչ պաշտպանական համակարգեր կառուցելու մի ծրագիր, որը, ցավում եմ ասելու, որ Ռուսաստանը այն ժամանակ չընդունեց՝՝։

Բոլթընն ասաց, որ նախագահ Բուշը ցանկանում է նախքան պաշտոնից հեռանալը ապահովել հակահրթիռային պաշտպանական ծրագրի ապագան։

Ռուսաստանը սակայն, դեմ է կանխարգելիչ հրթիռներ Լեհաստանում եւ ռադարային համակարգ Չեխիայում տեղակայելու ամերիկյան ծրագրերին։ Մոսկվան հայտարարել է, որ այդ ծրագիրը սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը, մինչ Վաշինգտոնը պնդում է, որ այն Եվրոպան հավանական իրանյան սպառնալիքից պաշտպանելու նպատակ է հետապնդում։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին անցյալ ամիս հայտնել էր, որ Միացյալ Նահանգները համաձայնել է թույլ տալ, որ Մոսկվան վերահսկողություն հաստատի պաշտպանական համակարգի վրա։ Ջորջթաուն համալսարանի դասախոս Անջելա Սթենթը երկկողմանի համաձայնության կայացումը հավանական է համարում.

՛՛Որոշ համաձայնություն հավանական եմ տեսնում, սակայն եթե Ռուսաստանը իր համաձայնությունը տա Չեխիայում եւ Լեհաստանում ամերիկյան ծրագրերին, ապա Ռուասաստանը իր դիրքը կզիջի նախկինում անբանակցելի հայտարարած մի ծրագրի հարցում։ Սակայն ամեն ինչ կախված է, թե Միացյալ Նահանգները ինչ կառաջարկի Ռուսաստանին"։

Անջելա Ստենտն ասում է որ դժվար թե Միացյալ Նահանգները հրաժարվի Չեխիայում եւ Լեհաստանում ամերիկյան ծրագրերից, ի դիմաց մի նոր համաձայնության.

՛՛Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ համագործակցելու ցանկություն ունի։ Սակայն կարծում եմ, որ ճիշտ է նաեւ այն, որ Բուշի վարչակազմը դժկամում է հրաժարվել տեղակայումների ծրագրից"։

Ռուսաստանի նախագահը Մայիսի 7ին կավարտի իր պաշտոնաշրջանը եւ նախագահության պաշտոն կփոխանցի Մեդվեդյեւին։

XS
SM
MD
LG