Մատչելի հղումներ

Թուրքիայում Արդարություն եւ զարգացում կուսակցությունն արգելելու փորձեր


Թուրքիայի սահմանադրական դատարանը երկուշաբթի օրը միաձայն քվեարկեց երկրի կառավարող, մահմեդական արմատներ ունեցող Արդարություն եւ զարգացում կուսակցությունն արգելելու նպատակով լսումներ սկսելու առաջարկի օգտին։

Իրադարձությունների նման զարգացումը կարող է բացասական իր ազդեցությունն ունենալ բարեփոխությունների գործընթացի վրա։

Ինչպես մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, Թուրքիայի կառավարող, մահմեդական արմատներ ունեցող Արդարություն եւ զարգացում կուսակցությունն արգելելու նպատակով լսումներ սկսելու քայլը կարող է ամիսներ շարունակ անորոշ իրավիճակ ստեղծել մի երկրում, որի բնակչությունն առանց այն էլ լիովին բաժանված է մահմեդական հասարակարգ ստեղծելու հարցում։

Այժմ, Թուրքիայի օրենքների համաձայն, պաշտպանվող կողմը՝ Արդարություն եւ զարգացում կուսակցությունը, իր նախնական պաշտպանական բողոքը ներկայացնելու համար ունի մեկ ամիս ժամանակ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի սահմանադրական դատարանը, որը համարվում է երկրի աշխարհիկ սկզբունքների պաշտպան կառույցներից մեկը, նախկինում երկու անգամ արդեն արգելել է քաղաքական երկու կուսակցություններ՝ նրանց համարելով ոչ աշխարհիկ կազմակերպություններ։

Ի դեպ, Արդարություն եւ զարգացում կուսակցությունն արգելելու հայցով մարտի 14-ին դատարանին էր դիմել բողոքարկումների գերագույն դատարանի գլխավոր դատախազ Աբդուրահման Յալչինքայան՝ պնդելով, որ այս կուսակցությունն իրականացնում է ոչ աշխարհիկ գործունեություն։ Նա հիշեցնում է համալսարաններում մահմեդական գլխաշոր կրելու եւ կրթական համակարգում մահմեդական դասընթացների վրա դրված արգելքը հանելու հարցում կառավարության ջանքերը։

Դատախազը նաեւ հորդորում է, որ դատարանը քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկի 71 գործիչների, այդ թվում՝ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլին եւ վարչապետ Ռեչեփ Էրդողանին։ Այս վերջին կետը օրակարգ մտցնելու առաջարկի օգտին է քվեարկել դատարանի 7, դեմ՝ 4 անդամ։ Նշենք, որ Գյուլն այս դեպքում կարող է մնալ նախագահի պաշտոնում, քանի որ այն համարվում է ապաքաղաքական դիրք։

Արդարություն եւ զարգացում կուսակցությունը երկրի 55Օ տեղանոց խորհրդարանում ունի 33Օ տեղ։ Կուսակցությունն արգելվելու դեպքում, նրանք կարող են հիմնել մեկ այլ կուսակցություն, սակայն միեւնունն է, կդանդաղի կառավարության քաղաքականության իրագործումը, այդ թվում՝ Եւրոպական Միությանն անդամակցելու նպատակով իրագործվող բարեփոխումների արագությունը։

Իր հերթին, կառավարող կուսակցությունը կարող է փորձել ընդունել այնպիսի օրենք, որը դժվարեցնի քաղաքական կուսակցություններ արգելելու հնարավորությունները։

XS
SM
MD
LG