Այն օրից հետո, երբ, ինչպես շատերն են կարծում, Հայոց ցեղասպանությունն ընդունելու պատճառով Ջոն Էվանսն ազատվեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնից, իսկ նախագահ Ջորջ Բուշի ներկայացրած թեկնածու Ռիչարդ Հոգլանդը ի զորու չեղավ ցեղասպանության մասին տալ ընդունելի պատասխան, Միացյալ Նահանգներն արդեն երկու տարի Հայաստանում չունի մշտական դեսպան։
Այսօր վարչակազմն ունի Մարի Ջովանովիչին դեսպանի պաշտոնում տեսնելու մտադություն։ Եւ հարց է բարձրանում, թե ինչ ընթացք կունենա նոր թեկնածուի հաստատման գործընթացը։
Հոգլանդի թեկնածությունը մերժելու գործում ակտիվ դեր ստանձնած գործիչ, ՝՝Կալիֆորնիա Կուրիեր՛՛ թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանի խոսքերով, խնդիրը անձի մեջ չէ, այլ՝ Հայոց ցեղասպանության նկատմամբ ԱՄՆ-ի արտգործնախարարության դիրքորոշման։
՝՝Անցյալ անգամ ԱՄՆ-ի կառավարությանը չհաջողվեց իր կամքը պարտադրել Սենատին ու ամերիկահայության վրա, եւ այժմ պիտի զգույշ լինենք, որ չկրկնվի նախորդ անգամվա ցավալի կացությունը՛՛։
Նրա կարծիքով ամերիկահայության հետ հարկավոր է խորհրդակցել ոչ թե դեսպանի նշանակման մասին, այլ Ցեղասպանության կնճռոտ հարցը լուծելու եղանակի շուրջ, թե ինչ պատասխաններ պիտի տրվեն, երբ այն դրվի Սենատի քննարկմանը։
Ինչպես Ամերիկայի հայ դատի հանձնախմբի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Էլիզաբեթ Չուլջյանն է ասում, պետք է նախ նայել, թե ինչ մթնոլորտում է գալիս այս նոր թեկնածուն։
Նրա խոսքերով, բոլորս ենք ուզում, որ ԱՄՆ-ը Հայաստանում ունենա դեսպան, ով ճշգրիտ կներկայացնի Ամերիկան եւ ամերիկյան շահերը, իսկ դա անելու համար դեսպանը պիտի կարողանա պատմական հարցերի վերաբերյալ խոսել իրականությունը։
Ամերիկայի հայկական համագումարն այս պահին հրաժարվեց որեւէ մեկնաբանությամբ հանդես գալու հնարավորությունից։
Ներկայումս Ղրղզստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը զբաղեցնող Մարի Ջովանովիչը 2ՕՕ6 թվականին սուր քննադատության է ենթարկել այս երկրի ղեկավարությանը՝ մամուլի դեմ իրականացվող ճնշումների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկատմամբ կիրառվող սպաղռնալիքների եւ տարածված կաշառակերության համար։
Նրան Ղրղզստանի կառավարությունը ներկայացրել է այդպիսով երկրի ներքին գործերին միջամտելու մասին մեղադրանքներ։