Մատչելի հղումներ

Անտարկտիկայից հսկայական սառցաբեկոր է խորտակվել


Անտարկտիկայում հսկայական սառցաբեկոր է պոկվել եւ գիտնականների կարծիքով երկրագնդի ջերմացման արդյունք է։

Փետրվարին Վիլկինսի սառցադաշտի մի մասը անսպասելիորեն տեղաշարժվեց։ Ավելի ուշ, Նյու Յորքի Մանհաթըն կղզուց 9 անգամ ավելի մեծ՝ 415 քառակուսի կիլոմետր մակերեսով սառցաբեկորը խորտակվեց։ ՓՅՈՒ հետազոտական կենտրոնի գիտնական Ջեյ Գալեջն ասել է.

՛՛Անտարկտիկայի ծայրամասերում օվկիանոսի ջուրը սկսում է տաքանալ երկրագնդի ջերմացման հետեւանքով։ Անտարկտիկայի արեւմտյան շրջանում սառցաշերտերի խորտակումը եւս երկրագնդի ջերմացման արդյունք է՝՝։

Անտարկտիկայի ջերմացման արագությունը գերազանցում է երկրագնդի ջերմացման միջին արագությանը։ Որոշ շրջաններում ջերմաստիճանը վերջին հիսուն տարում բարձրացել է հինգ աստիճանով։ Փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ եւ գիտահետազոտող Ջոն Բավըրմասթըրը մոտից է հետեւում այս փոփոխություններին.

՛՛Անտարկտիկան հետաքրքիր դարձնողը այն է, որ այնտեղ տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխություն ներգործում է աշխարհի բոլոր ափամերձ շրջանների վրա՝՝։

Գիտնականներն ասում են, թե երկրագնդի ծովի մակարդակը չի բարձրանա միայն այս սառցաբեկորի պոկվելու հետեւանքով։ Սակայն հավանաբար կսկսվեն կլիմայական շղթայական ազդեցություններ։

՛՛Սառցաշերտերի արագ հալոցքը բարձրացնում է ծովի մակարդակը։ Այժմ մենք ականատես ենք լինում այնպիսի փոփոխությունների, որոնք տեղի են ունենում ակնկալվածից շատ ավելի վաղ՛՛, ասել է Ջեյ Գալեջը։

Գիտնականներն ասում են, որ Անտարկտիկայում աննախադեպ ջերմացում է տեղի ունեցել վերջին հինգ տարիներին, որի ընթացքում տեղաշարժվել են բազմաթիվ սառցաբեկորներ, որոնցից վեցը ամբողջությամբ խորտակվել են։

XS
SM
MD
LG