Մատչելի հղումներ

Ջորջթաուն-Ադրբեջան առաջին ամենամյա գիտաժողովը


Երեքշաբթի օրը Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանում անցկացվեց Ջորջթաուն-Ադրբեջան առաջին ամենամյա գիտաժողովը։ Հիմնականում անվտանգությանը վերաբերող հանդիպումը կենտրոնացավ հայ ադրբեջանական հակամարտության վրա։ Եղան հարցեր ու պատասխաններ։

Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիեւը, ՆԱՏՕ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Քամիլ Խասիեւը, Ադրբեջանի արտգործնախարարության ռազմավարական վերլուծությունների բաժնի ղեկավար Թոֆիկ Մուսաեւը եւ ԱՄՆ-ի National War College հաստատության աշխատակից, նախկինում ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարի օգնական Ջեյմս Մաքդուգալը։

Գիտաժողովը, որի նպատակն էր ներկայացնել անվտանգության բնագավառում ադրբեջանա-ամերիկյան համագործակցությունը, իրականում վերածվեց հայ-ադրբեջանական հակամարտության մեջ հայկական կողմին մեղադրելու փորձի։

Արտգործնախարարության պաշտոնյան հայկական կողմին ներկայացրեց պատերազմի հանցագործություններ, մարդկության դեմ իրականացված հանցագործություններ եւ ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքներ։

Նա շեշտեց, որ այս հակամարտության լուծումը կախյալ է միջազգային օրենքներից եւ պիտի հենվի ՄԱԿ-ի բանաձեւերի, ԵԱՀԿ-ի փաստաթղթերի վրա։

՝՝Մեր կառավարության ռազմավարությունն է գրավյալ բոլոր տարածքների ազատագրումը եւ տեղահանված բնակչության վերադարձը՛՛, ասաց նա։

Նրա խոսքերով, Ադրբեջանը պատրաստ է մեծ ներդրումներ կատարել այս շրջանը վերակառուցելու նպատակով, ինչի համար պահանջվում է երկու կողմերի համագործակցությունը եւ միջազգային կազմակերպությունների, հատկապես Մինսկի խմբի ջանքերը։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայության այն հարցին, թե արդյոք ՄԱԿ-ի ընդունած բանաձեւը Մինսկի խմբի համանախագահների կողմից քննադատության ենթարկվելու փաստը չի դարձել պատճառ, որ Ադրբեջանը հրաժարվի Մինսկի խմբից, պաշտոնյան տվեց խուսափողական պատասխան, ասելով, թե այն կապ չունի միջնորդների անկողմնակալության հետ։

ՆԱՏՕ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Քամիլ Խասիեւը, խոսելով ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցության մասին ու բերելով օրինակներ, հետ վերադարձավ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայության հարցին ու ասաց, թե

հարկավոր է ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ հայերի վստահությունը, այլ նաեւ՝ հայերի նկատմամբ ադրբեջանցիների վստահությունը։

Իսկ ինչո՞ւ, խոսելով տարածաշրջանային համագործակցության կարեւորության ու օրինակ բերելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման մասին, գիտաժողովը չի փաստում, որ դրանով իսկ բացառում է Հայաստանի մասնակցությունը եւ որ ԱՄՆ-ի կառավարությունը հրաժարվել է այս ծրագրին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուց, բանախոսները նույնպես տվեցին խուսափողական պատասխան ու ավելացրին, որ տարիներ առաջ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել էր երկաթգիծը փոխանակել գրավյալ տարածքների հետ, ինչը մերժվել էր հայկական կողմից։

National War College հաստատության աշխատակից Ջեյմս Մաքդուգալը նշեց ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի համագործակցությունը, Ադրբեջանը համարելով կամուրջ Արեւմուտքի եւ մահմեդական աշխարհի միջեւ, եւ այն համարելով շիա մահմեդական աշխարհիկ միակ պետությունը։

Ինչպես նա ասաց.՝՝Արմատական մահմեդականությունն ունի այս տարածաշրջան մուտք գործելու ունակություն, ինչին կարող են նպաստել տարածաշրջանային հակամարտությունները։ Այդ պատճառով աշխատում ենք լուծել այս հակամարտությունն այնպես, որ դրա մեջ չներքաշվեն արտատարածաշրջանային մեծ տերություններ՛՛։

XS
SM
MD
LG