Մատչելի հղումներ

Բախումներ Բասրայում իրաքյան զինյալ ուժերի եւ ալ-Սադրին հավատարիմ ուժերի միջեւ


Իրաքի հարավային նավթարդյունաբերական Բասրա նավահանգստում ծանր մարտեր են սկսվել իրաքյան ուժերի եւ շիա աշխարհազորայինների միջեւ։ Միաժամանակ, անվտանգության ուժերը ծրագրել են վերջ դնել հակառակորդ կողմերի միջեւ բռնությունների ծավալմանը այդ շրջանում։

Բռնությունները, որոնք հետեւանքն են շիաների եւ ալ-Սադրի աջակիցների միջեւ հակամարտությունների սրման, սպառնալիք են անվտանգության բնագավառում Միացյալ նահանգների եւ Իրաքի ուժերի ձեռք բերած նվաճումներին։

Ալ-Սադրի աջակիցներին վերջերս զայրույթ են պատճառել ԱՄՆ-ի եւ Իրաքյան ուժերի կողմից իրենց դեմ իրագործվող հարձակումները։ Սակայն վերջիններս պնդում են, որ այդ հարձակումները ուղղված են միայն Իրանին հավատարիմ ուժերի դեմ։

Ալ-Սադրի ավագ օգնական Հազիմ ալ-Արաջին փորձել է մեղմել լարվածությունը ասելով, թե Մուխթադա ալ-Սադրը հրահանգել է Ղուրանի օրինակներ բաժանել բոլոր իրաքցի զինվորներին ի նշան խաղաղության։

Նաջաֆում, Ալ-Սադրի գրասենյակի մոտ ունեցած մամլո ասուլիսում ալ-Արաջին իրաքյան զորքերին հորդորել է չկռվել ալ-Սադրի ուժերի դեմ.

՛՛Մենք կոչ ենք անում բոլոր իրաքցիներին, որ որպես առաջին քայլ ընդհանուր գործադուլի դիմեն Իրաքում։ Եթե Իրաքի կառավարությունը չհարգի մեր պահանջները, ապա մեր երկրորդ քայլը կլինի քաղաքացիական անհնազանդությունների ծավալումը Բաղդադում եւ բոլոր մյուս գավառներում։ Դրան հետեւի մեր երրորդ քայլը, որի բնույթը այժմ չենք բացահայտի՝՝, ասել է ալ-Արաջին։

Բաղդադի մի քանի թաղամասերում, ուր շիաները մեծամասնություն են կազմում, դպրոցներն ու խանութները փակվել են, ըստ երեւույթին քաղաքացիական անհնազանդության կանոնների համաձայն։

Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին Բասրայում պաշտոնից ազատել է անվտանգության երկու պաշտոնատարների Իրաքի խոշորագույն նավթարդյունաբերական կենտրոնի անվտանգության մասին գնալով աճող մտահոգություններին արձագանքելով։

Երկու շաբաթ առաջ ավելի քան 2ՕՕՕ անձինք Բասրայի ոստիկանության կենտրոնատեղիի մոտ կազմակերպած ցույցերով պահանջել էին անվտանգության այդ երկու պաշտոնատարների հրաժարականը։

Անցյալ ամիս ահաբեկիչները առեւանգել էին Սի Բի Էս հեռուստակայանի բրիտանացի լրագրողին եւ նրա թարգմանչին։ Ալ-Սադրի աջակիցները հերքում են այդ առեւանգման պատասխանատվությունը։ Միացյալ Նահանգներն առեւանգման մեջ կասկածում է ալ-Սադրի ուժերից առանձնացած խմբերի որոնք, ենթադրվում է որ, վերհսկվում են Իրանի կողմից։

Երկուշաբթի օրը ալ-Սադրի կազմակերպությունը սպառնացել է հակահարված հասցնել իրաքյան ուժերին, եթե Բասրայում շարունակվեն ճնշումները ալ-Սադրին հավատարիմ ուժերի դեմ։

XS
SM
MD
LG