Մատչելի հղումներ

Խնդիրներ՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ


ԱՄՆ-ի Սպիտակ տունը հայտարարում է, թե նախագահ Բուշի կողմից Ուկրաինա, Ռումինիա եւ Խորվաթիա կատարելիք այցն ունի ժողովրդավարությանն ու ազատություններին զարկ տալու եւ ՆԱՏՕ-ի դաշինքն ամրապնդելու նպատակ։ Ռուսաստանը, սակայն, հատկապես Ուկրաինայի անդամակցումով ՆԱՏՕ-ի ընդարձակումը համարում է սպառնալիք իր անվտանգությանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվար ամսին, հանդիպում ունենալով Ուկրաինայի ղեկավար Վիկտոր Յուշչենկոյի հետ, նախազգուշացրել էր Ուկրաինայում ՆԱՏՕ-ի հրթիռներ տեղակայելու վտանգների մասին, ասելով, թե սարսափելի է ոչ միայն ասել, այլ նաեւ մտածել, որ ՆԱՏՕ-ի տեսականորեն հնարավոր տեղակայումը կհուշի Ռուսաստնին իր հրթիռներն ուղղել ընդդեմ Ուկրաինայի։

Այս մեկնաբանությանը հետեւեց ԱՄՆ-ի արտգործնախարար Քոնդոլիզա Ռայսի հայտարարությունն այն մասին, թե նման խոսքերն արժանի են քննադատության։ Նա ասել էր, թե ԱՄՆ-ը բացարձակ կերպով ճանաչում է Ուկրաինայի եւ այն մյուս երկրների ինքնիշխանությունը, որոնք պատկանում էին Խորհրդային Միությանը։ ՝՝Բայց դրանք այլ ժամանակներ էին՛՛, շեշտել էր Ռայսը։

Ռուսաստանի ռազմական հարցերով անկախ վերլուծաբան Ալեքսանդր Կոնովալովը Պուտինի սպառնալիքը համարում է գերզգացական տրամադրությունների արտահայտություն՝ միեւնույն ժամանակ նշելով Ուկրաինայում Ռուսաստանի գործնական հետաքրքրությունները։ Դրանց թվում են ԷսԷս 18 մակնիշի հրթիռները, որոնց շարժիչներն արտադրվում են Ուզմաշի գործարանում։

Նրա խոսքերով, Ուզմաշի հրթիռների գործարանը շարունակում է վերահսկել այս հրթիռները եւ երկարացնում դրանց մարտունակությունը։

Վերլուծաբանը կարծում է, թե Ռուսաստնին անհանգստացնում է նաեւ այն փաստը, որ Ուկրաինան է արտադրում ռուսական մեծաթիվ ուղղաթիռների եւ ռազմանավերի շարժիչները։

Մեծ խնդիր է նաեւ Ռուսաստանի սեւծովյան նավատորմը, որը մինչեւ 2017 թվականը կմնա Ղրիմի Ստավրոպոլի նավահանգստում։

Նա նշում է, որ ՆԱՏՕ-ի կանոնադրությունը թույլ չի տալիս ընդունել որեւէ երկրի, որտեղ ներկա են օտար երկրի զորքեր։

՝՝Ուրեմն, կամ պիտի արագ լուծվի նավատորմի ապատեղակայման գործը, կամ Ուկրաինան դեռեւս չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին՛՛, ասում է նա։

Իսկ ապատեղակայումը կպահանջի մի քանի տարի ու միլիարդավոր դոլարներ։ Բացի այդ, ուկրաինացիները ռուսների հետ ունեն նաեւ ընտանեկան կապեր, եւ շատերը կտուժեն, եթե Մոսկվան խստացնի սահմանային վերահսկողությունը։

Ինչեւէ, Ուկրաինայի ղեկավարները սկսել են ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալու գործընթացը, ինչը քննարկման է դրվելու այս դաշինքի ապրիլյան գագաթաժողովի ժամանակ։

Պուտինն ասում է, թե անդամակցության հարցն, ի վերջո, այս անկախ երկրի ներքին հարցն է։ Սակայն մի հարց, որի նկատմամբ խորը բաժանում կա նաեւ հենց Ուկրաինայի քաղաքացիների շրջանում։

XS
SM
MD
LG