Մատչելի հղումներ

Մաթյու Բրայզան անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւին


Վերջերս Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ ունեցան Հայատանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որից հետո հայտարարեցին, որ Մինսկի խմբի անդամ երկրները թեեվ կողմնակից են Ադրբեջանի հողային ամբողջականությանը, սակայն պաշտպանում են նաեւ բոլոր կողմերի մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը բանակցություններով որոշելու առաջարկը։

ԱՄՆ-ի փոխարտգործնախարարի տեղակալ Մաթյու Բրայզան, Ամերիկայի Ձայնին տված բացառիկ հարցազրույցում ասաց, որ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են համոզված մնալ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որեւէ խաղաղ եւ արդար լուծում անխուսափելի զիջումներ կպահանջի բոլոր կողմերից։ Մաթյու Բրայզան ասաց.

՛՛Որպես Մինսկի խմբի համանախագահներ, մենք մասնակցել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ հավասարակշռված կարգավորման նոր առաջարկի մշակման աշխատանքներին։ Այդ առաջարկը լիովին հաշվի է առնում ԱՄՆ-ի հարգանքը Ադրբեջանի հողային ամբողջականության նկատմամբ, սակայն ընդգրկում է նաեւ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ընդունման փոխզիջողության հավանականությունը՝՝։

Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի վերջերս ընդունած բանաձեւը Մաթյու Բրայզան բնութագրեց անհավասարակշռված.

՛՛ՄԱԿ-ի բանաձեւը կարեւորեց բանակցությունների սեղանին դրված նոր առաջարկի միայն այն սկզբունքները, որոնք դուր են գալիս Ադրբեջանին, սակայն թերացավ ընդունել առաջարկի մյուս սկզբունքները, որոնք Հայաստանի՛ն են դուր գալիս։ Մենք այս բանաձեւին դեմ քվեարկեցինք, որովհետեւ այն միակողմանի է եւ ցանկացանք այդպիսով պահպանել անկողմնակալ միջնորդի մեր դիրքը՝՝։

Բրայզան անհանգստություն հայտնեց այն մասին, որ Արդբեջանում, քաղաքական որոշ տարրեր անհասկանալի պատճառներով, փորձում են լարվածություն ստեղծել ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի փոխհարաբերություններում։ ՛՛Սակայն Ադրբեջանի այն պաշտոնյաները, ովքեր ներգրավված են բանակցություններում, լավ գիտեն, թե որոնք են Մինսկի նոր առաջարկի կարեւորագույն կետերը՝՝, ասաց Մաթյու Բրայզան։

՛՛ Մինսկի առաջարկը պաշտպանում է. առաջին, Ադրբեջանի հողային ամբողջականությունը, երկրորդ, բոլոր 7 գրավված տարածքների վերադարձը Ադրբեջանին եւ տեղահանված բնակչության վերադարձը այդ տարածքները, երրորդ, հայկական զինյալ ուժերի վերատեղակայումը, չորրորդ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի գոյությունը, եւ հինգերորդ, բանակցությունների գործընթացի շարունակումը Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, որը կլուծվի միայն փոխզիջողության միջոցով՝՝, ասաց Բրայզան։

Անդրադառնալով Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները համեմատելու փորձերին, Բրայզան նշեց, որ Միացյալ Նահանգները Կոսովոյի անկախության հռչակումը այլ հակամարտությունների լուծման նախընթաց չի նկատում.

՛՛Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման ծրագրի համար երկար ճանապարհ ենք անցել ։ Կոսովոյի դեպքում դա երբեք հնարավոր չի եղել։ Չեն եղել լուրջ բանակցություններ, առաջարկներ չեն դրվել սեղանին։ Մինչդեռ, Լեռնային Ղարաբաղի բանակցություններում կողմերը շատ մոտ են վերջնական համաձայնության։ Գուցե կան միայն մեկ կամ երկու խնդիրներ, որոնք դեռ չեն հարթվել։ Ուրեմն ժամանակն է, որ երկու կողմերը ավարտեն բանակցությունները, ընդունեն հիմնական սկզբունքների փաթեթը, որը արդար ու հարատեւ խաղաղության հաստատման կհանգեցնի, ինչը դժբախտաբար երբեք հնարավոր չի եղել Կոսովոյում՛՛, ասաց Բրայզան։

Մինսկի համանախագահները Մարտի 19-ի հրապարակած մամլո հաղորդագրությամբ հակամարտության երկու կողմերին հորդորել են խուսափել միակողմանի գործողություններից եւ խստորեն հարգել զինադադարի վերաբերյալ ստաձնած բոլոր պարտավորությունները։

XS
SM
MD
LG