Մատչելի հղումներ

Ամերիկահայերը շարունակում են բողոքել հայաստանյան իրադարձությունների դեմ


Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության դեսպանատան առջեւ մարտի 1Օ-ի բողոքի ցույցից հետո մասնակիցներից երկուսը՝ Հանուն ժողովրդավարական Հայաստանի դաշինքը ներկայացնող Հարրի Սարաֆյանը եւ Ամերիկայի հայկական խորհրդից Սեւակ Խաչատրյանը, մնալով մայրաքաղաքում, մարտի 12-ին հանդիպում ունեցան ԱՄՆ-ի արտգործնախարարության Կովկասյան եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով բաժնի տնօրեն Փոլ Վոհլերսի եւ հայկական հարցերով բաժնի պատասխանատու Քրիստիան Ռայթի հետ եւ քննարկեցին Հայաստանում նախագահական ընտրություններից հետո առաջ եկած խնդիրները։

Ամերիկահայ պատվիրակությունը հորդորեց, որ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հաստատակամ ձեւով ճնշում գործադրի Հայաստանի իշխանությունների վրա, մինչեւ նշանակալի արդյունքի հասնելը։

Արտգործնախարարության պաշտոնյաներին հանձնվեց ավելի քան տասը հազար ստորագրություն կրող մի դիմում, որը հորդորում է, որ ԱՄՆ-ը Հայաստանի իշխանություններից պահանջի վերականգնել ժողովրդի քաղաքացիական իրավունքները։

Արտգործնախարարության պաշտոնյաներն ասացին, որ հարգում են հայ համայնքի կարծիքը ու տեղեկացրին, որ մարտի մեկից ի վեր ստացել են բազում նամակներ ու հեռախոսազանգեր։

XS
SM
MD
LG