Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է 2ՕՕ7 թվականի մասին Մարդու իրավունքների պաշտպանության ամենամյա զեկույցը


Հայաստանին վերաբերող բաժնում ասված է, թե 2ՕՕ7-ի խորհրդարանական ընտրությունները, չնայած որոշ բարելավումների, չկարողացան լիովին համապատասխանել միջազգային չափանիշներին։ Խղճուկ վիճակում է մարդու իրավունքների պաշտպանությունը։

Չեն գրանցվել քաղաքական դրդապատճառներով մարդկանց անհետացման փաստեր, սակայն արձանագրվել են անվտանգության ուժերի կողմից իրականացված մարդկանց տանջելու փաստեր, որոնց մեծ մասի դեպքում, պատժվելու մտավախությամբ, չեն եղել բողոքներ։

Բանտերում շարունակվել է կաշառակերությունը, ինչին ավելի է նպաստում բանտերում ծառայողների ցածր աշխատավարձը, ասված է զեկույցում, ավելացնելով, որ կան կալանավորներին սննդամթերք փոխանցելու համար հարազատներից դրամ վերցնելու մասին տեղեկություններ։

Հայաստանում 2ՕՕ7 թվականին իշխանությունները շարունակում էին առանց դատարանի լիազորագրի, կասկածյալ անձանց ձերբակալելու փորձառությունը։

Ազգային ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը, որոնք ենթարկվում են վարչապետին, չեն ստանում անհրաժեշտ մարզումներ, չունեն բարեփոխումներ անցկացնելու համար բավարար միջոցներ։ Կալանավորները բողոքում են, որ ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը քիչ բան են անում բռնությունների դեպքերը հետաքննելու ուղղությամբ։ Դրա համար չկա նաեւ որոշակի մեխանիզմ։

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության 2ՕՕ7 թվականի մասին Մարդու իրավունքների պաշտպանության ամենամյա զեկույցում ասված է նաեւ, որ դատարանները Հայաստանում 2ՕՕ7 թվականին շարունակում էին մնալ գործադիր ճյուղի քաղաքական ճնշումների ներքո։ Նույն թվին սահմանադրական դատարան է դիմել 1296 քաղաքացի, որոնցից դիտվել են միայն 6Օ-ի դիմումները։

Կառավարությունը հիմնականում չի հարգել խոսքի եւ մամուլի ազատությունները, ասված է զեկույցում, բերելով մի քանի օրինակ։

Չնայած օրենքը թույլ է տալիս քաղաքացիներին փոխել կառավարությունը, այդ օրենքն իրականում ոտնահարվել է ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների հետեւանքով։

Կառավարությունը չի հատկացնում բավարար միջոցներ երեխաների իրավունքները պաշտպանելու եւ բարեկեցությունն ապահովելու համար, ասված է զեկույցում, նշելով, որ աղքատության պատճառով, ծնողները երեխաներին երբեմն թողնում են ծննդատներում։

Երեխաների 84 տոկոսն է կրթությունը շարունակում մինչեւ 14 տարեկան։ Նրանցից 36 տոկոսն է ուսումն ավարտում 16 տարեկանում։

Չնայած մինչեւ 18 տարեկանը տղաներն ու աղջիկները ստանում են բժշկական անվճար օգնություն, ծառայությունն իրականում խղճուկ վիճակում է։

Ըստ զեկույցի, պակասել է փողոցում մուրացող երեխաների թիվը։

2ՕՕ7 թվականին շարունակվել են մարդկանց անօրինական փոխադրումները։ Հիմնականում փոխադրվում են կանայք ու աղջիկները՝ Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Թուրքիայում անառակությամբ զբաղվելու եւ աշխատանքային շահագործման ենթարկվելու համար, ասված է ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված 2ՕՕ7 թվականի մասին Մարդու իրավունքների պաշտպանության ամենամյա զեկույցում։

XS
SM
MD
LG