Հարց. Հայաստանի ընտրություններից հետո ասացիք, որ, հենվելով միջազգային դիտորդների զեկույցների վրա, ԱՄՆ-ը Հայաստանի ընտրությունները համարում է ազատ եւ արդար։
Պատասխան. Ոչ։ Այն ժամանակ ես ասացի, որ ընդունում ենք ԵԱՀԿ-ի զեկույցը ու գտնում, որ ընտրությունները մրցունակ էին եւ օրենքների սահմաններում… Այն ժամանակ։ Այժմ այնքան շատ բան է փոխվել։ Կարող ենք ասել, որ հետեւանքը ողբերգական էր, ինչի համար բոլորն են կրում պատասխանատվություն։ Մենք ի վերջո կառավարությանն ենք մեղավոր համարում քաղաքացիների դեմ բռնությունների համար։ Բայց ժողովրդի մեջ էլ կային մարդիկ, ովքեր հակված էին դիմելու բռնությունների։ Այժմ կարեւորը ժողովրդավարական գործընթացը վերականգնելն է։Հարց.Շատ երկրներ ու կազմակերպություններ են կոչ անում կառավարությանն ու ընդդիմությանը սկսել քաղաքական երկխոսություն։ Էլ ի՞նչ կարող է ԱՄՆ-ի կառավարությունն առաջարկել։
Պատասխան. Կարող ենք օգնել կողմերին հանդիպելու համար դեմ առ դեմ, գտնելու, թե որտեղ են ընդհանուր եզրերը։ Կարող ենք օգնել՝ գտնել ընդհանուր եզրեր։
Հարց. Իսկ եթե անտեսե՞ն։ Պատասխան. Ի վերջո, Հայաստանը հայերի երկիրն է։ Եւ իրե՛նք պիտի ընդունեն իրենց որոշումները։ Սակայն, եթե ունենանք մտավախություն, կամ հավատացած լինենք, որ ոտնահարվում են ժողովրդավարության արժեքները, կարող ենք վերանայել օժանդակության ծրագրերը, այդ թվում՝ Հազարամյակի մարտահրավերը։
Իհարկե, սպառնալիքով հանդես չենք գալիս, սակայն ուզում ենք հաղթահարել այս դժվարությունները, լիովին վերականգնելու համար մեր հարաբերությունները։
Հարց. Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Փենինգթոնը ասել էր, թե Հայաստանի իշխանությունների հետ ձեր հանդիպումների ընթացքում իշխանությունների մասին արված ձեր մեկնաբանությունները չէին բխում ձեր այցի էությունից։
Պատասխան. Իմ խոսքերն արտասանել եմ վարչապետ Սարգսյանի հետ ունեցած մասնավոր հանդիպման ընթացքում։ Ասել եմ, որ այո, նա մեկն է, որին շատ եմ հավանում։ Եւ գտնում եմ, որ նա պատրատ է աշխատել մեզ հետ։ Կոնտեքստն ավելի լայն էր, երբ խոսում էինք ժողովրդավարության, ընտրությունների եւ մեր հարաբերությունների ապագայի մասին։ Եւ այն արտահայտությունները, որ արել եմ նրա մասին, ընտրված էին այնպես, որ չտարածվեին մեր ամբողջ խոսակցության էության վրա։
Հարց. Դուք կոչ եք անում դադարեցնել ձերբակալությունները, սակայն այսօր կա նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ մեղադրանքներ հարուցելու մտադրություն։
Պատասխան. Չգիտեմ, թե ինչ հիմունքներով են ծրագրում գործ հարուցել, բայց հույս ունեմ, որ տարաձայնություններն ընդդիմության եւ իշխանությունների միջեւ կընթանան օրենքների սահմաններում՝ համապատասխանելով միջազգային չափանիշներին։ Հույս ունենք ընդդիմության ղեկավարների շարքերից այլեւս չտեսնել նոր ձերբակալություններ։ Կարծում եմ, որ դա Հայաստանը տանում է բացասական ուղղությամբ, ինչը բարդացնում է մեր երկկողմ հարաբերությունները։ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ազատ արձակել բոլորին, ովքեր ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով։