Մատչելի հղումներ

Մամուլի արձագանքներ


International Herald Tribune թերթը գրում է, որ Միացյալ Նահանգների փոխարտգործնախարարի տեղակալ Մաթյու Բրայզան մտահոգություն է հայտնել ընդդիմադիր շարժման աջակիցներին ձերբակալելու առնչությամբ։ ՛՛Բռնությունները իրապես դատապարտելի են։ Հայաստանի կառավարության արձագանքը խիստ էր եւ դաժան՝՝, ասել է Մաթյու Բրայզան։

Թերթը գրում է, որ անցյալ ուրբաթ Բայզան հանդիպել է Սերժ Սարգսյանի եւ Տեր-Պետրոսյանի , ինչպես նաեւ ներկա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Բրայզան իշխանությունների հորդորել է վերացնել արտակարգ դրությունը , ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ արագ քայլերի դիմել, ինչպես նաեւ երկու կողմերին ճգնաժամի վերացման ուղղությամբ երկխոսության կոչ է արել՝՝, գրում է թերթը։

՛՛Հայաստանի կառավարությունը ոչ միայն սահմանափակումներ է հաստատել ընդդեմ ազատ մամուլի, այլ նաեւ զարկ է տվել ընդդիմության ղեկավարների ձերբակալություններին։ Խիստ կարեւոր է, որ այդ ձերբակալությունները դադարեցվեն՝՝, ասել է Բրայզան։

Բրայզան ընդունել է, որ Հայաստանի կառավարությունը որոշ քայլերի է դիմել լարվածությունը մեղմելու համար։ Բրայզան հատկապես նշել է վերջերս բռնությունների հետեւանքով հիվանդանոց տարված որոշ ցուցարարների հետ վարչապետ Սարգսյանի հանդիպումը։

Թերթը գրում է որ երկուշաբթի օրը Քոչարյանը հայտարարել էր, որ քաղաքական կուսակցությունները կարող են վերսկսել իրենց գործունեությունը, սակայն ուժի մեջ էր թողել հանրային հավաքների եւ մամուլի ազատության վրա հաստատված արգելքները։

Բրայզան կոչ է արել իշխանություններին հետաքննել եւ պատժել թե՛ ընդդիմության եւ թե՛ կառավարության այն ներկայացուցիչներին, ովքեր խախտելով ընտրական օրենքները բռնի ուժի են դիմել, եզրակացնում է International Herald Tribune թերթը։

Transition Online ինտերնետային պարբերականը հանդես է եկել խմբագրական մի հոդվածով, որտեղ ասված է, թե Հայաստանի կառավարությունն այժմ ունի կարգ ու կանոնը պահպանելու մեծ պարտավորություն։ ՝՝Իսկ, լինելով փոքր երկիր, Հայաստանում դա անելը դյուրին չէ՛՛, գրում է պարբերականն ու ավելացնում, որ հակառակ դրան, ժողովրդավարական կարգերում մարդիկ ունեն իրենց մտքերն արտահայտելու, հանրահավաքներ անցկացնելու, կառավարության դեմ բողոքելու իրավունք։ Իսկ կայուն ժողովրդավարական կարգերը ունեն քննադատությունները եւ այլակարծությունը հանդուրժելու կարողություն։

՛՛Ներկա ճգնաժամի համար մասնավորապես մեղավոր է վերեւներին չափազանց մեծ իշխանություն տված Հայաստանի սահմանադրությունը։ Կառավարությունը գլխավորում է դրա գործադիր ճյուղը ու չունի հավասարակշռություն պահպանելու կարողություն։ Անկախ չէ դատաիրավական համակարգը, քաղաքականապես կողմնակալ են դատավարությունները։ Քաղաքական եւ գործարար օղակների փոխկապակցվածությունը ամրապնդել է կաշառակերությունը երկրում եւ լրջորեն խոչընդոտում է գումարներ հանգանակելու կամ էլեկտրոնային մամուլից օգտվելու ընդդիմադիր կուսակցությունների կարողությունը։

Ընդդիմությունը իր ներկա դրությամբ այլընտրանք չի առաջարկում։ Հայաստանի անկախության սկզբնական շրջանում եւ սեփականաշնորհման տարիներին Տեր-Պետրոսյանը նույնպես մեղադրվել էր խարդախ գործելակերպերի համար։ Մեկուսացած եւ երկփեղկված հասարակությունում ցանկացած նախագահի գործը լի է դժվարություններով։

Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի հաջողությունը կախված է հարեւան երկրների հետ խաղաղություն հաստատելու, ներքին վերքերը ամոքելու, պետական ծառայության մեջ բարոյական հիմքեր ստեղծելու եւ իր իշխանությունը ապակենտրոնացնելու ջանքերի արդյունավետությունից։

Նորընտիր նախագահը պետք է պահանջի, որ նախագահ Քոչարյանը վերացնի արտակարգ դրությունը եւ ապահովի մամուլի ազատությունը։ Ճգնաժամի ընթացքում մարդիկ ամենաշատը կարիքն ունեն ազատ տեղեկատվության եւ ո՛չ թե պետականորեն հովանավորված լռության՝՝, գրում է Transitions Online ինտերնետային պարբերականը։

Նյու Յորք Թայմս օրաթերթն իր մարտի 7-ի համարում անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին, գրելով, թե Մոսկվայի լծից հետո հայերի երազած ժողովրդավարությունը հետ է սահում։ Խմբագրականի բնութագրմամբ, նախագահ Ջորջ Բուշը եւ արեւմտյան առաջնորդները պետք է հստակ կերպով հասկացնեն Հայաստանի իշխանություններին, որ ընդունելի չէ նման վարքագիծը, որը կարող է վտանգի տակ դնել այս երկրի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները։

՝՝Բելառուսի եւ Ուզբեկստանի նման հետխորհրդային մյուս բռնակալությունների համեմատ Հայաստանն այնքան էլ վատ տեսք չունի, այդ պատճառով շատ կարեւոր է փակել դեպի ինքնակալություն տանող ուղին, քանի դեռ շատ ուշ չէ՛՛։ Թերթը տեղեկացնում է, որ իր աշխատակից Սաբրինա Թավերնայսը տեղեկություններ է ստացել այն մասին, որ իշխանությունները անցյալ շաբաթ օրը հրազեններ եւ նռնակներ են տեղադրել քնած ցուցարարների մոտ, որից հետո՝ հայտարարել, թե ոստիկանությունը դիմել է հարձակման՝ հեղաշրջման փորձը կանխելու նպատակով։

Այնուհետեւ, ներկայացնելով իրադարձությունների հետագա զարգացումները, Նյու Յորք Թայմսը հիշեցնում է, որ այլեւս անհնար է լսել հայերեն լեզվով հեռարձակվող ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հեռուստածրագրերը եւ ՝՝Ազատություն՛՛ ռադիոկայանի հաղորդումները։ Ինչպես թերթն է գրում. ՝՝Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի Հեռարձակումների տնօրենների խորհրդի բողոքն ավելի ազդեցիկ կշիռ կունենար, եթե իր ձայնը բարձրացներ նաեւ նախագահ Բուշը՛՛։

Թերթը միեւնույն ժամանակ չի գտնում, որ սա հակամարտություն է ջինջ ժողովրդավարական արժեքների եւ լիակատար ինքնակալական չարիքի միջեւ, հիշեցնելով, որ 9Օ-ականների կեսերին ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր զրահատեխնիկա հանում ընդդեմ ցուցարարների։ ՝՝Սակայն՛՛, եզրափակում է Նյու Յորք Թայմս թերթի խմբագրականը, ՝՝այս պահին պատասխանատվությունը Հայաստանի ղեկավարներինն է, որոնց էլ իր խոսքը պիտի ուղղի Սպիտակ տունը։

XS
SM
MD
LG