Մատչելի հղումներ

Ամերիկայի Ձայնի խմբագրականը Հայաստանի իրադարձությունների մասին


Հետեւյալը ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի խմբագրականն է, որն արտահայտում է Հայաստանի իրադարձությունների նկատմամբ Վաշինգտոնի պաշտոնական տեսակետը

Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները մտահոգված են Հայաստանում քաղաքական բռնությունների եւ շարունակվող արտակարգ իրադրության փաստով։ Այստեղ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է 8, մարմնական վնասվածքներ ստացել ավելի քան հարյուր մարդ։

Ձերբակալվել են մեծաթիվ ցուցարարներ։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրում հայտարարել է արտակարգ իրադրություն, այդ թվում՝ արգելել ցույցերի անցկացումը։

Մարդու իրավունքների պաշտպան Human Rights Watch կազմակերպությունը կոչ է արել Հայաստանի կառավարությանը հետաքննել, պարզելու համար, թե արդյոք ոստիկանությունն ու բանակը, ի հակադրություն միջազգային չափանիշների, մահացու ուժ չեն կիրառել ընդդեմ ցուցարարների։

՝՝Մենք տագնապով ենք հետեւում վիճահարույց ընտրությունների մասին լրատվությունը գրաքննության ենթարկելու բացահայտ փորձերին՝՝, ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Ջոուլ Սայմընը, կոչ անելով իշխանություններին հրաժարվել անկախ թերթերի վրա դրված արգելքից եւ վերականգնել անկախ եւ ընդդիմադիր մամուլից օգտվելու հնարավորությունը։

Ամերիկայի հայկական համագումարի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանն ասել է, թե հայերն ուզում են տեսնել հարցի լուծման խաղաղ եւ ժողովրդավարական եղանակ։

՝՝Երկխոսությունն այսօր վճռական կարող է լինել եւ հավատում ենք, որ դատական եւ իրավական համակարգերը կսկսեն անկողմնակալ գործընթաց։

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Շան Մաքքորմաքի հրապարակած հայտարարությունը կոչ է անում կողմերին խուսափել հետագա բռնություններից, գործել միայն օրենքի սահմաններում, ցուցաբերել առավելագույն զսպվածություն եւ սկսել քաղաքական երկխոսություն։ ԱՄՆ-ը նաեւ հույս ունի, որ արտակարգ իրադրությունը կհանվի արագ։

՝՝Քաղաքական երկխոսությունը բոլոր հայերի համար Հայաստանի ապագայի ու ժողովրդավարության գրավականն է՛՛, ասել է նա։

XS
SM
MD
LG