Մատչելի հղումներ

՛՛Ամերիկայի Ձայնի՝՝ հայկական ծառայության հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի հետ


Անցյալ ամսվա նախագահական ընտրություններից հետո Հայաստանը կանգնած է քաղաքական լարված ճգնաժամի առջեւ։ Վարչապետ Սերժ Սարգսյանի համոզիչ թվացող հաղթանակի մասին պաշտոնական հայտարարությունից հետո, ընդդիմության աջակիցները եւ նախկին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի կողմնակիցները պահանջեցին նոր ընտրություններ։ Հետընտրական ճգնաժամի խորացումից եւ 11 օր տեւած զանգվածային ցույցերից հետո, անցյալ շաբաթավերջին ցուցարարների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցան սաստիկ բախումներ։ Հայաստանի իշխանությունները արձագանքեցին ցուցարարներին բռնի ուժով ցրելու եւ արտակարգ դրություն մտցնելու գործողություններով։

ՀԱՐՑ - Պրն. Կիրակոսյան, չնայած արտակարգ դրության հաստատումը, թվում է, թե վերջ է դրել բախումներին, ոստիկանության եւ ընդդիմության աջակիցների միջեւ կացությունը դեռեւս լարված է։ Ի՞նչ էք կարծում, Միացյալ Նահանգները ինչպե՞ս է ընկալում այս դեպքերը եւ ինչպե՞ս է արձագանքում դրանց։

ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ – Նախ եւ առաջ, անհրաժեշտ է հասկանալ, որ ընտրություններին հետեւած ցույցերը, ընդհանուր առմամբ, անսպասելի էին։ Ընդդիմության կազմակերպած բուռն ցույցերն ու հանրահավաքները սկզբում լուրջ վտանգ չէին նկատվում երկրի կայունության համար։ Ընդհակառակը կարգ ու կանոնին հետեւող եւ խաղաղ հանրահավաքները ընդհանրապես դիտվում էին որպես առողջ ժողովրդավարության արտահայտություն։

Կարծում եմ, որ ամերիկյան դիրքորոշումը երբեք Հայաստանի ներքին զարգացումներին միջամտելու նպատակ չի հետապնդել։ Հայաստանում ստեղծված կացությունը թելադրողը եւ իրագործողը հայերն են եւ ո՛չ թե ամերիկյան նպատակներն ու ծրագրերը։

Փոխարենը, Միացյալ Նահանգները բոլոր կողմերին հորդորել է, որ հարգեն երկրի օրենքները եւ քաղաքական ճգնաժամի լուծման խաղաղ գործելակերպերի հետեւեն։ Վաշինգտոնի համար ամենակարեւորը այն է, որ միայն Հայաստանի ժողովուրդը ստանձնի ղեկավար ընտրելու պարտավորությունը։ Այդ առումով, ընտրական գործընթացն ու հետընտրական ճգնաժամը շատ ավելի կարեւոր են, քան ընտրությունների արդյունքը։

ՀԱՐՑ – Այժմ, երբ արտակարգ դրություն է հաստատված եւ լարվածությունը շարունակվում է, ո՞րն է ամենակարեւոր հարցը Միացյալ Նահանգների տեսանկյունից։

ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ - Ես Միացյալ Նահանգների անունից չեմ կարող խոսել, սակայն իմ կարծիքով Վաշինգտոնի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հստակ է - ինչպես ԱՄՆ-ի արտգործնախարարությունն ու Երեւանում ամերիկյան դեսպանատունն են հայտնել, Հայաստանի համար այժմ ամենակարեւորը բռնարարքներից խուսափելն ու քաղաքական երկխոսությունը վերականգնելն է։

Միեւնույն ժամանակ Վաշինգտոնը շեշտել է, որ արտակարգ դրությունը վերջնական լուծում չէ եւ այն պետք է վերացվի հնարավորին չափ շուտ։ Քաղաքական երկխոսությունը իրական ժողովրդավարության հասնելու միակ ուղին է։

Սակայն ամենամտահոգիչ փաստն այն է, որ առկա են մի քանի չլուծված խնդիրներ, որոնք խռովություններ են հրահրում։ Դրանցից ամենանկատելին հարուստների եւ աղքատների միջեւ գնալով խորացող անհավասարությունն ու խորը արմատներ նետած կոռուպցիան է։ Միացյալ Նահանգները այս խնդիրներին արձագանքել է՝ որդեգրելով ամերիկյան արտաքին օգնության նոր մոտեցումներ , ինչպիսին է օրինակ Հազարամյակի Մարտահրավերի ծրագիրը, որը հետապնդում է քաղաքական եւ տնտեսական նպատակներ։

Սակայն Հայաստանի իշխանությունները պետք է ավելին անեն դեռեւս չլուծված լուրջ խնդիրների վերացման համար։ Այլապես երկրի սոցիալ տնտեսական անարդարությունները խռովությունների նոր ալիքներ կառաջացնեն։ Տնտեսական աճը, առանձին վերցրած, բավարար չէ։ Շատ ավելի լուրջ ծրագրեր են անհրաժեշտ սոցիալ տնտեսական հավասարության զարգացման եւ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար։

ՀԱՐՑ – Դուք նշեցիք մի քանի լուրջ ՛՛չլուծված խնդիրների՝՝ մասին, սակայն ձեր կարծիքով, ո՞րն է լինելու այս ճգնաժամի հաջորդ փուլը։

ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ - Հայաստանը փաստորեն կանգ է առել կարեւոր շրջադարձային փուլում։ Հաջորդ մի քանի շաբաթներն ու ամիսները կորոշեն ոչ միայն Հայաստանի կառավարության բնույթը, այլ նաեւ, որպես երկիր, Հայաստանի ընդունելիք դիրքը։ Հանրահավաքների ժամանակը գուցե ավարտված է, սակայն հստակ է, որ այժմ յուրաքանչյուր քաղաքացի պետք է առողջ եւ օրինավոր բանավեճերի մասնակցի երկրի քաղաքականության եւ հետագա ծրագրերի շուրջ։

Ամենակարեւորը սակայն, ՛՛անկարող եւ այլանդակ՝՝ ժողովրդավարության քարացած վիճակին չվերադառնալն է։ Հանրահավաքները պետք է վերածվեն քաղաքական երկխոսության։ Հայաստանի քաղաքացիներին պետք է թույլ տրվի, որ դառնան դերակատարներ, այլ ոչ թե իրավազուրկ հանդիսատեսներ Հայաստանի քաղաքական համակարգում։

XS
SM
MD
LG