Մատչելի հղումներ

Միջազգային ներում կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում տիրող կացության վերաբերյալ


՛՛Միջազգային ներում՝՝ կազմակերպությունն ամեն ինչ անելու է, որ Միացյալ նահանգների կառավարությունը լավ պատկերացնի Հայաստանում ընթացող իրադարձությունները։ Այս մասին ՛՛Ամերիկայի Ձայն՝՝-ի հայկական ծառայությանը հայտնեց մարդու իրավունքների պաշտպան այս կազմակերպության Վաշինգտոնի գրասենյակի Կովկասյան տարածաշրջանի հարցերով մասնագետ Ջիմ Քոքսը։

՛՛Ամեն ինչ կա հավատալու, որ ցույցերը խաղաղ էին։ Իսկ նման դեպքերում զինված ներկայությունը անհրաժեշտ է լինում մարդկանց անվտանգությունը ապահովելու, այլ ոչ՝ նրանց կրակելու համար՝՝, ասաց Քոքսը՝ կողմերին հղելով զսպվածություն ցուցաբերելու կոչ։

՛՛Երբ թափվում է արյուն, հարկավոր է կատարել մեկ քայլ հետ՝ իրադրությունը գնահատելու համար։ Իսկ Միջազգային ներումը կատարվածի կապակցությամբ պահանջում է անկախ ու թափանցիկ հետաքննություն՝՝, ասաց նա։

Միջազգային ներում կազմակերպության կովկասյան հարցերով մասնագետը Հայաստանում կատարվածը աշխարհի հանրությանը ներկայացնելու հորդորով դիմեց միջազգային մյուս կազմակերպություններին՝ նշելով, որ կա նման եղանակով դրական փոփոխության հասնելու փորձառություն։

XS
SM
MD
LG