Քաղաքական վերլուծաբանները շարունակում են անդրադառնալ Հայաստանում շարունակվող բողոքի ցույցերին եւ դրանց նշանակությանը։ ՛՛Դը Ուիքլի Ստանդարտ՛՛ պարբերականի հայազգի խմբագիր Ֆիլիպ Թերզյանը վերջերս այցելեց Ամերիկայի Ձայն եւ կիսեց իր տեսակետները Հայաստանում շարունակվող հետընտրական ճգնաժամի նշանակության մասին։
Ֆիլիպ Թերզյանն ասում է, որ բնականաբար ամերիկայերի մի մասը ցանկանում է դրական լույսի տակ ներկայացնել Հայաստանի իրադարձությունները եւ կառչում է ԵԱՀԿ-ի գնահատականներին, իսկ մյուս մասը դժգոհ է Հայաստանում ժողովրդավարության եւ ազատության պակասից։ Նա ասում է.
՛՛Հանրային ցույցերը կարող են մղել փոփոխության կառավարության մեջ, սակայն միշտ վտանգ է առկա, որ այդ զարգացումները կարող են հանգեցնել բռնարարքների եւ քաոսի, եւ այդ է պատճառը, որ Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը այս պահին շատ զգույշ է։ Նրանք ցանկանում են, որ Հայաստանում ժողովրդավարությունը ընդլայնվի, սակայն չեն ցանկանում, որ հավասարակշռությունը խախտվի, եւ դեպքերը հանգեցնեն անցանկալի հետեւանքների՝՝։
Ֆիլիպ Թերզյանը նշեց, որ Միացյալ նահանգները ներկայումս Հայաստանին նպաստող քաղաքականություն է վարում, խրախուսելով ե՛ւ ժողովրդավարության ե՛ւ ազատ շուկաների զարգացում։ Ամերիկան հուսով է, որ ինչով էլ, որ դեպքերը վերջանան, երկրում խաղաղությունը կպահպանվի։
՛՛Միացյալ Նահանգները մեծ ներդրումներ է կատարել Հայաստանի ժողովրդավարության զարգացման ոլորտում եւ ժողովրդավարությունից հեռացումը կվտանգի ամերիկյան օգնության շարունակումը։ Այս պահին Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը մոտիկից հետեւում է դեպքերին, սակայն չի ցանկանում որեւէ ազդեցություն բանեցնել՝՝, ասում է Ֆիլիպ Թերզյանը։
Ամերիկայի այնպիսի հայաշատ համայնքներում ինչպիսին է Լոս Անջելեսի շրջանի համայնքը, ամերիկահայերը մոտից հետեւում են հայկական մասնավոր հեռուստակայանների հաղորդումներին, ինտերնետային աղբյուրներին եւ ըստ այնմ ձեւավորում են իրենց կարծիքները Հայաստանում շարունակվող քաղաքական իրադրության մասին։
Պրոֆեսոր Մարաշլյանի համաձայն շատ քիչ ջանք է գործադրվում տեղեկությունները վերլուծելու եւ դրանք ներկայացնելու պատմական փաստերի համատեքստում։ Համայնքի տարբեր հատվածներ, ասում է պրոֆեսոր Մրաշլյանը տարբեր տեսակետներ են պաշտպանում, եւ ինչպես Հայաստանում, այնպես էլ Կալիֆորնիայում տիրում է անհանդուրժողականությունը միմյանց տեսակետների նկատմամբ։
Անդրադառնալով հետ ընտրական ցույցերի նշանակությանը, Ֆիլիպ Թերզյանը նշեց, որ ամեն դեպքում թե՛ ամերիկահայերը եւ թե՛ տարածաշրջանի հարցերով վերլուծաբաններն այժմ հետաքրքրված են, թե այս դեպքերի արդյունքում Հայաստանը որդեգրելու է ժողովրդավարության ամերիկյա՞ն թե ռուսակա՞ն մոդելը։