Մատչելի հղումներ

Հարցազրույց ԱՄՆ-ի փոխարտգործնախարարի տեղակալ Մաթյու Բրայզայի հետ


Հայաստանի ընտրություններից հետո սկսված անհանգստությունների ընթացքում արդյոք փոխվել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը։ Ամերիկայի Ձայնի հայկական ծառայության այս եւ մի քանի այլ հարցերի է պատասխանում Միացյալ Նահանգների փոխարտգործնախարարի տեղակալ Մեթյու Բրայզան։

Մաթյու Բրայզան շեշտում է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի նախագահը դեռեւս չի շնորհավորել վարչապետ Սարգսյանին.

՛՛Վրաստանի օրինակով կսպասենք մինչեւ դիտորդների վերջնական գնահատականը։ Սակայն շնորհավորել ենք Հայաստանի ժողովրդին եւ ընդունել, որ ընտրությունները հիմնականում համապատասխանել են ժողովրդավարական սկզբունքներին, հենվելով մի շարք կազմակերպությունների, այդ թվում ԵԱՀԿ-ի ժողովրդական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի նախնական հայտարարության վրա՝՝։

Մաթյու Բրայզան ընդունում է, որ ներկայումս Հայաստանում տեղի են ունենում մեծ իրադարձություններ ու շեշտում, որ իրենց գործն այժմ կառավարության պաշտոնյաներին ու ընդդիմության ղեկավարներին օրենքն ու կարգը հարգելու կոչեր հղելն է.

՛՛Եթե ընդունում ենք որ ընտրությունները արդար էին ուրեմն դրա արդյունքները հարգելը բոլորի պարտականությունը պիտի լինի։ Եթե ոչ, մենք միշտ հարգում ենք խաղաղ ցույցեր անցկացնելու մարդանց իրավունքը՛՛։

Մաթյու Բրայզան ընդունում է, որ որեւէ մեկը չի կարող դրսից պարզապես հայտարարել, թե որքան արդար ու ազատ էին ընտրությունները եւ նշում, որ իրենց նախնական գնահատականը հենված են եղել միջազգային կազմակերպությունների նախնական հայտարարությունների վրա.

՛՛Մոտ օրերին, երբ միջազգային դիտորդներն ու կազմակերպությունները հանդես գան վերջնական զեկույցներով, մենք նույնպես հանդես կգանք նոր հայտարարությամբ, հենվելով նրանց նոր գնահատականների վրա՝՝։

՛՛Հայաստանի իշխանությունները մինչ այժմ ցուցաբերել են հարգանք ժողովրդավարական ազատությունների նկատմամբ ու երբ քվեների վերահաշվարկի նկատմամբ ձեռք բերվի վստահություն ու կայացվի փոխզիջում, հնարավոր կլինի ասել, որ եկել է Հայաստանում առաջ գնալու ժամանակը՝՝։

Այն հարցին, թե Միացյալ Նահանգները ինչպե՞ս կդիտի ուժի որեւէ կիրառում Հայաստանի իշխանությունների կողմից, Մաթյու Բրայզան պատասխանում է, որ իրենք պարզապես ուզում են հավատալ, որ դա տեղի չի ունենա.

՛՛Շատ կարեւոր է, որ այժմ շարունակենք ղարաբաղյան խնդրի կարգավորման համար Մինսկի խմբի սկզբունքների շուրջ մեր ջանքերը։ Երկար ճանապարհ ենք անցել վերջին մեկուկես տարում ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնության գալու համար՝՝

։ԱՄՆ-ի փոխարտգործնախարարի տեղակալ Մաթյու Բրայզան գտնում է, թե անհնար է այս պահին ասել, թե որքան առաջ կարող ենք գնալ ղարաբաղյան հարցում, եթե վստահ չենք, թե ինչպե՞ս պիտի շարունակվի ժողովրդավարության ընթացքը Հայաստանում։

XS
SM
MD
LG