Մատչելի հղումներ

Միջազգային մամուլի տեսություն նախագահական ընտրությունների մասին


Միջազգային մամուլն ու լրատվական գործակալությունները այս շաբաթ բազմաթիվ հոդվածներով անդրադարձան Հայաստանում կայացված նախագահական ընտրությունների արդյունքներին։

The Economist պարբերականի ՛՛Նոր երեւույթ Հայաստանից՝՝ վերնագրով հոդվածում, դիտել տալով, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո շատ անելիքներ ունի, գրում է.

՛՛ Հայաստանը 1994 թվականի ղարաբաղյան պատերազմից ի վեր գտնվում է շրջափակման մեջ։ Ռուսաստանի զորքերը հսկում են սահմանագծի որոշ հատվածներ, եւ չնայած տնտեսական աճ է արձանագրվել շնորհիվ լայնածավալ շինարարության եւ հայկական սփյուռքից ու ԱՄՆ-ից ուղարկվող օգնության, երկրի հարստության մեծ մասը կենտրոնացած է օլիգարխների ձեռքում՝՝։

Իսկ The International Herald Tribune թերթը ՛՛Վարչապետի հաղթանակը դիմագրավում է բողոքի ցույցեր՝՝ հոդվածում, դիտել տալով, թե ներկա կացությունը մտահոգություն է առաջացրել նավթով հարուստ կասպյան ավազանի եւ հարավային Եվրոպայի երկրների խաչմերուկում ընկած եւ ռազմավարական կարեւորություն ունեցող Հայաստանի կայունության մասին, գրում է.

՛՛2ՕՕ3 թվականին, Քոչարյանի վերընտրությունից հետո եւս բողոքի ցույցեր շարունակվեցին ամբողջ շաբաթվա ընթացքում։ Սակայն դրանք երբեք թափ չստացան, այնպես ինչպես Վրաստանում եւ Ուկրաինայում, որոնք ընդդիմադիր ղեկավարներին առաջնորդեցին դեպի իշխանություն՝ Վարդագույն եւ Նարնջագույն հեղափոխություններով՝՝։

The New York Times թերթը նույնպես անդրադառնալով նախագահական ընտրությունների արդյունքներին հետեւած բողոքի ցույցերին, գրում է.

՛՛Ցույցերում բռնություններ տեղի չեն ունեցել, այնպես ինչպես տեղի ունեցավ հարեւան երկրներից Վրաստանում եւ Ադրբեջանում։ Այդուհանդերձ դրանք ստվեր են նետում Հայաստանում ժողովրդավարության հեռանկարների վրա։ Հայաստանի կառավարությունը համեմատաբար ավելի հանդուրժողական դիրք է ընդունել այլախոհության նկատմամբ՝՝։

Իսկ Reuters լրատվական գործակալությունը ՛՛Ընտրություններից հետո Թուրքիան ցանկանում է բնականոն հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ՝՝ վերնագրով հոդվածում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի տարած հաղթանակի առթիվ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի շնորհավորական ուղերձին, գրում է.

՛՛Թուրքիայի նախագահը հույս է հայտնել որ Սերժ Սարգսյանի հաղթանակը ճանապարհ կհարթի դեպի փոխհարաբերությունների բնականոնացում։ ՛՛Հուսով եմ, ասել է Գյուլը, որ նախագահի դիրքում Դուք պայմաններ կապահովեք՝ դարերից ի վեր միասին ապրած Թուրքիայի եւ Հայաստանի ժողովուրդների մերձեցման համար։ Ես ցանկանում եմ, որ փոխվստահության եւ համագործակցության մթնոլորտ ստեղծվի ի նպաստ տարածաշրջանային խաղաղության եւ բարգավաճման՝՝, ասել է Թուրքիայի նախագահը։

Հայաստանում ԵԱՀԿ-ի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը արդեն հայտարարել է, որ նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել են միջազգային չափանիշներին։

XS
SM
MD
LG