49-ամյա պաշտոնավարությունից հետո Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոն հրաժարվել է Կուբայի նախագահի պաշտոնից։
Տասնամյակներ տեւած կոմունիզմից հետո կուբացիները վարժվել են կյանքի դժվարություններին, ապրանքների պակասին եւ օրապարենի բաշխումներին։ Դժվարություններ, որոնք կարճ ժամանակում չեն անհետանա։ Ֆիդել Կաստրոյի իրավահաջորդ նկատվող Ռաուլ Կաստրոն պարբերաբար խոստացել է չլքել սոցիալիզմը։
՛՛ Անշուշտ եղել են դժվար ամիսներ, սակայն մեր թշնամիների կանխագուշակումները չեն իրականացել։ Թշնամին ակնկալում էր, որ Կուբայում քաոս կառաջանա եւ սոցիալիզմը կտապալվի՝՝, ասել է Ռաուլ Կաստրոն։
Նա հայտարարել է, որ փոփոխության կենթարկի Կուբայի տնտեսությունը եւ կընդարձակի գյուղատնտեսական արտադրանքը։ Ենթադրվում է, որ այդպիսով Ռաուլ Կաստրոն կհեռանա իր եղբոր ծրագրերից։ Ամերիկացի դիվանագետ եւ Կուբայի հարցերով մասնագետ Վեյն Սմիթն ասել է.
՛՛Ռաուլը գործնական ղեկավար է եւ կարծում եմ, որ առավել հակված է Միացյալ Նահանգների եւ մնացյալ աշխարհի հետ փոխհարաբերությունները բարելավելու՝՝։
Նույնիսկ նախքան Ֆիդել Կաստրոյի հրաժարականը, Ռաուլ Կաստրոն Միացյալ Նահանգների հետ կապերը բարելավելու պատրաստակամություն էր հայտնել։ Սակայն ամերիկացի պաշտոնատարները ցույց են տվել, որ Վաշինգտոնը մտադիր չէ ձեռք մեկնել կոմունիստական Կուբային։ Կուբայի դեմ տնտեսական արգելքը շարունակվում է 196Օ թվականից ի վեր։
՛՛Կարծում ենք, որ երկխոսություն պետք է տեղի ունենա Ռաուլ Կաստրոյի եւ Կուբայի ժողովրդի միջեւ, որպեսզի վերջինս այսուհետեւ ազատորեն արտահայտվելու եւ նախագահական ընտրություններ կայացնելու հնարավորություն ունենա՝՝, ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Թոմ Քեյսին։
Ընդդիմադիր գործիչ Մանուել Քուեստա Մորուայի համաձայն Կուբայի ժողովուրդը պատրաստ է նման երկխոսության համար.
՛՛Կարծում եմ, որ նոր մտածելակերպ է առկա եւ Կուբայի քաղաքացիներն այժմ ավելի պատրաստակամ են աջակցելու քաղաքական ընդդիմության պահանջներին։ Պահանջներ՝ Կուբայում քաղաքական եւ տնտեսական փոփոխությունների իրագործելու մասին՝՝։
Ֆիդել Կաստրոյի դերը, որպես Միացյալ Նահանգների անխոնջ քննադատ, այժմ փոխանցվում է Վենեսուելայի նախագահ Հյուգո Չավեզին։ Իսկ մինչ այդ Ռաուլ Կաստրոն որեւէ կերպ չի ակնարկել, որ Կուբայի միջազգային դերը որոշելու հարցում ինքը կդիմի իր եղբոր օրինակին։