Մատչելի հղումներ

Մահացել է կոնգրեսական եւ մարդու իրավունքների ջատագով Թոմ Լանթոսը


Ամերիկահայ բազմաթիվ կազմակերպություններ եւ անհատներ խոր վիշտ են հայտնել Կալիֆորնիայի կոնգրեսական, հրեական ոջակիզման վերապրող եւ մարդու իրավունքների առաջատար ջատագով Թոմ Լանթոսի մահվան առթիվ։ Կոնգրեսում մոտ երեսունամյա իր գործունեության վերջին ամիսներին Լանթոսը ղեկավարեց հայոց ցեղասպանության բանաձեւի շուրջ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնած քվեարկությունը։

Թոմ Լանթոսը ծնվել է 1928 թվականին, Հունգարիայի մայրաքաղաք՝ Բուդապեշտում։ Դեռ երիտասարդ տարիքում միացել է նացիստական Գերմանիայի դեմ կռվող ընդհատակյա շարժմանը։ Նացիստական ուժերից թաքնվելու գործում նրան օգնել է հանրահայտ Շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգը, իսկ 1947 թվականին նա ուսումնական կրթաթոշակով փոխադրվել է Միացյալ նահանգներ։ Ջոնզ Հոփկինզի համալսարանի դասախոս Չարլզ Գաթիի համաձայն, Կոնգրեսում ծառայելիս Լանթոսի գաղափարներում մշտապես առկա էր պատերազմի ազդեցությունը։

՛՛Անցյալի փորձառությունները նրան դարձրել էին բռնատիրության հակառակորդ։ Նա չէր սիրում նաեւ այն անձանց ու քաղաքական գործիչներին, ովքեր խտրականություն էին բանեցնում մարդկանց դեմ ցեղային եւ ազգային պատկանելիության եւ կրոնական հայացքների համար՝՝, ասում է Չարլզ Գաթին։

Կոնգերսում Լանթոսը լիովին նվիրվեց մարդու իրավունքների պաշտպանության գործին, աջակցելով կոնգրեսի այն բանաձեւերը, որոնք խիստ միջոցներ հաստատեցին մարդու իրավունքները խախտող երկրների դեմ։ Իր գործունեության ընթացքում նա պաշտպանեց Բիրմայից թանկարժեք քարերի ներմուծումը արգելելու օրինագիծը։

՛՛Այդ օրինագիծը անհրաժեշտ է մարդու իրավունքների Բիրմայի խախտումներին վերջ դնելու համար։ Մենք բոլորս ականատես եղանք Բիրմայի փողոցներում ցուցարարների, այդ թվում վանականների դաժան սպանություններին։ Քաղաքակիրթ աշխարհը հոգնել է Ասիայում դաժան ոստիկանական համակարգի գործունեությունից, մի ժամանակ երբ այլ երկրներ այդ շրջանում շարժվում են դեպի ժողովրդավարություն՝՝, ասել է Լանթոսը։

Լանթոսը նաեւ Իրաք կատարված ներխուժման նախագահ Բուշի ծրագրի անխոնջ աջակիցներից էր։ Սակայն ավելի ուշ նա Իրաքի պատերազմի բարձրաձայն քննադատներից էր։

՛՛Մենք պետք է անհապաղ հեռանանք Իրաքից թե՛ այդ երկրի եւ թե՛ մեր շահերից ելնելով՝՝, ասել է Լանթոսը։


Իսրայելի ջատագովի իր դիրքորոշումը Լանթոսը վերագրել է, ոչ թե ծագումով իր հրեա լինելուն այլ ժողովրդավարության սկզբունքներին իր նվիրվածությանը։

Ժողովրդավարության արժեքների պահպանման ձգտումը Լանթոսին մղեց նաեւ աջակցելու Արեւելյան Եվրոպայի երկրներին օգնելու ամերիկյան ծրագրերը։ Հունգարիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարք Փալմըրի համաձայն, Լանթոսը հպարտ էր արեւելք- արեւմուտք հարաբերություններում խոչընդոտների վերացման իր ջանքերով։

Ամերիկայում ապրող համայն հայությունը մեծ երախտագիտությամբ է հիշում անցյալ հոկտեմբերին Լանթոսի ղեկավարած հանձնախմբի ջանքերով Կոնգրեսում հայոց ցեղասպանության բանաձեւի վավերացման քվեարկությունը։

Թոմ Լանթոսը ամերիկյան հերոս է, որն այս երկրի ափերը հասավ որպես հրեական ողջակիզման վերապրող եւ իր ուժերով դարձավ ամերիկյան Կոնգրեսի ազդեցիկ անդամ։

XS
SM
MD
LG