Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները շնորհավորում է Սերբիայի նախագահին վերընտրության առթիվ


Միացյալ Նահանգները շնորհավորել է Սերբիայի նախագահ Բորիս Թադիչին՝ իր վերընտրության առթիվ եւ խոստացել է օգնել այդ երկրի ինտեգրացմանը Եվրոպայում։ Սերբիայի արեւմտամետ թեկնածու Բորիս Թադիչը քվեների չնչին մեծամասնությամբ պարտության մատնեց սերբ ազգայնամոլ Տոմիսլավ Նիկոլիչին։

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Շոն Մքորմաքը շնորհրավորել է Թադիչին եւ Սերբիայի դեմոկրատական կուսակցությանը, եւ դրվատել հանրության 7Օ տոկոսի մասնակցությունը ընտրություններին։ Մքորմաքն ասել է, թե ընտրությունները կարեւոր են Սերբիայի ապագայի համար եւ նախագահ Բուշի վարչակազմը նեցուկ կկանգնի Սերբիան Եվրոպայի կազմում վերահաստատելու ջանքերին։

՝՝Փոխշահավետ հարցերում մենք ցանկանում ենք շարունակել Սերբիայի հետ ստեղծարար կապեր հաստատելու մեր ջանքերը։ Նախագահ Թադիչը խոստացել է նպաստելԵվրոպայում Սերբիայի ապագան ամրապնդելու ջանքերին։ Մենք կհամագործակցենք պրն. Թադիչի եւ Սերբիայի հետ, նրա այդ խոստումը իրագործելու համար՝՝, ասել է Մքորմաքը ։

Միացյալ Նահանգների պաշտոնատարները մոտիկից հետեւել են Սերբիայի ընտրություններին, որոնք նախորդեցին այս ամսվա վերջերին Կոսովոյի անկախության հռչակման ակնկալություններին։ Թե՛ նախագահ Թադիչը եւ թե՛ նրա մրցակից Նիկոլիչը դեմ են ՄԱԿ-ի կողմից վերահսկվող Կոսովոյի անկախության հռչակմանը։

Սակայն պրն. Թադիչը առավել հաշտվողական դիրքորոշում է որդեգրել այդ հարցում եւ ակնկալվում է, որ կշարունակի սերտորեն համագործակցել Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ, հակառակ նրանց կողմից Կոսովոյի անկախության ճանաչմանը։ Մքորմաքը հրաժարվել է քննարկել Կոսովոյի ընտրությունների հետեւանքները, դիտել տալով, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը այս հարցում անփոփոխ է։

Միացյալ Նահանգները երկար ժամանակից ի վեր նեցուկ է կանգնել ՄԱԿ-ի բանագնաց Մարտի Ահթիսարիի՝ Կոսովոյում անկախության հաստատման ծրագրին, ըստ որի բանակցությունների նոր փուլը Սերբիայի եւ Կոսովոյի իշխանությունների միջեւ այդպես էլ չկայացավ անցյալ տարվա վերջերին։

ԱՄՆ-ի իշխանությունները մերժում են Մոսկվայի այն պնդումները, որ Կոսովոյի անկախությունը նոր հակամարտությունների տեղիք կտա Եվրոպայում եւ այլ երկրների տարածքում։ Ամերիկյան պաշտոնատարներն ասում են, որ Կոսովոյում, ուր 1999 թվականին ՆԱՏՕ-ի միջամտությամբ կասեցվեց ալբանացիների դեմ ճնշումները սերբերի կողմից, կացությունը յուրօրինակ է։ Ակնկալվում է, որ Կոսովոն օրակարգի կարեւոր նյութ է հանդիսանալու առաջիկա չորեքշաբթի օրը, երբ ԱՄՆ-ի արտգործնախարար Քոնդոլիսա Ռայսն այցելի Լոնդոն, Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի եւ արտգործնախարար Դեյվիդ Միլիբանդի հետ խորհրդակցելու համար։


XS
SM
MD
LG