Մատչելի հղումներ

Բարաք Օբաման հաղթել է Հարավային Կարոլինայում


Դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման Հարավային Կարոլինայում կայացած նախնական ընտրություններում չնչին առավելությամբ առաջ անցավ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթընից։ Իսկ սենատոր Ջոն Էդվարդսը հայտնվեց երրորդ տեղում։ Երեք դեմոկրատ թեկնածուներն էլ հայտարարեցին, որ կշարունակեն ակտիվորեն ընտրարշավել մինչեւ նախնական ընտրությունների կայացումը ավելի քան 2Օ նահանգներում՝ երեքշաբթի, փետրվարի 5-ին։

Այովայի հաղթանակից եւ Նյու Հեմփշիրի ու Նեվադայի կորուստներից հետո սենատոր Բարաք Օբաման մեծ թվով քվեներ շահեց Հարավային Կարոլինայում։

՛՛Մենք ամենաշատ թվով քվեներն ենք ձեռք բերել։ Մեր օգտին են քվեարկել ամերիկացի հասարակության բազմաթիվ խավեր՝՝, ասել է Բարաք Օբաման։

Սենատոր Հիլարի Քլինթընը ընտրարշավային ելույթներ ունեցավ Թենըսի նահանգում, որը փետրվարի 5ին նախնական ընտրություններ անցկացնող 2Օ նահանգների թվում է։ Նա ասաց որ չափազանց ուրախ է որ շուտով ամերիկացիների հայացքը կկենտրոնանա մի շարք այլ նահանգների վրա։

Հարավային Կարոլինայի նախնական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ սեւամորթների քվեները նպաստել են Օբամայի հաջողությանը այդ նահանգում։ Հիլարի Քլինթընը ավելի մեծ թվով սպիտակամորթ ամերիկացիների քվեներ է շահել, քան Օբաման։

Միաժամանակ, երկուշաբթի օրը ամերիկյան քաղաքականության բնագավառում ամենաազդեցիկ դեմոկրատ քաղաքական գործիչներից Թեդ Քենեդին խոստացել է հովանավորել Սենատոր Բարաք Օբամայի թեկնածությունը նախագահական ընտրություններում։

՛՛ Ես հպարտ եմ կանգնել Օբամայի կողքին եւ նրան աջակցություն առաջարկել, որպեսզի նա դառնա Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը՝՝, ասել է Թեդ Քենեդին։

Չնայած Բարաք Օբամայի նորագույն հաջողություններին, հանրային կարծիքի նոր հաշվառումների համաձայն, Հիլարի Քլինթընը առաջնություն է վայելում Ֆլորիդայում, իսկ Քոնեկտիկուտ նահանգում նա քննադատել է երկրի ընդհանուր կացության վերաբերյալ նախագահ Բուշի ելույթը։

XS
SM
MD
LG