Մատչելի հղումներ

Մաթյու Բրայզան վերադարձել է տարածաշրջան կատարած այցելությունից


ԱՄՆ-ի փոխ-արտգործնախարարի օգնական Մաթյու Բրայզան Վաշինգտոն է վերադարձել Կովկասյան տարածաշրջան կատարած այցելությունից եւ պատասխանել է իր այցելության նպատակների մասին Ամերիկայի Ձայնին տված հարցերին։

Մաթյու Բրայզան նշեց, որ Մինսկի համանախագահների հետ տարածաշրջան կատարած իր այցելության նպատակն էր պահպանել մեկ ու կես տարուց ի վեր շարունակվող բանակցությունների թափը եւ գուցե նաեւ համոզել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, որ համաձայնություն կայացնեն, եթե ոչ պաշտոնապես, ապա գոնե՝ բանավոր կերպով։

՛՛Ես այն տպավորությունը ստացա, որ թե՛ նախագահ Քոչարյանը եւ թե՛ Ալիեւը ցանկանում են համաձայնություն կայացնել այս տարի։ Հայաստանի նախագահական ընտրարշավին մասնակցող երկու առաջատար թեկնածուները արդեն իսկ իրենց պաշտպանությունն են հայտնել հիմնական կետերի նախագծի շուրջ՝՝, ասաց Մաթյու Բրայզան։


Նա հուսով է, որ հիմնական կետերի շուրջ համաձայնության կայացումը տեղի կունենա այս տարի, սակայն ՛՛շատ բան է կախված Հայաստանում նախագահական ընտրությունների արդյունքից՛՛, ասաց նա եւ ավելացրեց.

՛՛Մենք երկար ճանապարհ ենք անցել հիմնական առաջարկների շուրջ բանակցություններում, եւ վերացրել գրեթե բոլոր տարակարծությունները։ Եւ եթե երկու կողմերը կամք դրսեւորեն համաձայնություն կայացնելու գործում, հնարավոր է, որ կհարթվեն նաեւ մնացյալ խոչընդոտները՛՛։

Ամերիկայի Ձայնի այն հարցին թե գոյություն ունի արդյոք հիմնական առաջարկների նոր տարբերակ, Մաթյու Բրայզան պատասխանեց, որ այսպես կոչված նոր տարբերակը հիմնականում շատ տարբեր չէ անցյալ տարվա նոյեմբերին, Մադրիդում երկու երկրների արտգործնախարարներին ներկայացված նախագծից։ Այն ավելի պարզեցված փաստաթուղթ է եւ ավելի հստակ կերպով է արտացոլում փաստաթղթի հիմնական տրամաբանությունը։

՝՝Հնարավոր համաձայնությունը բաղկացած է հիմնական այնպիսի կետերից ինչպիսիք են օրինակ հայկական զինյալ ուժերի վերատեղակայումը, ադրբեջանցի փախստականների վերադարձը, միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը, Հայաստանի եւ Ղարաբաղի կապակցումը, Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հավանական հանրաքվեի անցկացումը։ Սակայն այս հարցերի շուրջ համաձայնությունները վերջնական չեն, քանի դեռ համաձայնություն չի կայացվել ամբողջ փաթեթի շուրջ։ Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ համաձայնությունների փաթեթը իրագործելի է՝՝, ասաց Մաթյու Բրայզան։

Նա նշեց, որ Միացյալ Նահանգները միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի հողային ամբողջականությունը։ ՛՛Մենք ընդունում ենք նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ամրագրելու ուժեղ հայկական ցանկություն է առկա՛՛, ասաց նա։ Որպես Մինսկի խմբի համանախագահներ, մեր գործը փոխզիջումների շուրջ կողմերից յուրաքանչյուրի համաձայնությունը ապահովելու ուղիներ որոնելն է։

՛՛Մեր քննարկումները Ղարաբաղի ՛՛դե ֆակտո՛՛ ղեկավարների հետ բավականին արդյունավետ էին, եւ այդ առումով նույնիսկ հարգալից ու ջերմ՝ Ադրբեջանի կառավարության եւ ժողովրդի նկատմամբ։ Դրանով հանդերձ ես սուր լարվածություն զգացի երկու կողմերի միջեւ, երբ Մինսկի համանախագահների հետ այցելեցի Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանի անցակետը։Իսկ Աղդամում ինձ խորը ցավ պատճառեցին պատերազմական ավերածությունների թողած տխուր հետքերը։ Դա իմ մեջ վերարթնացրեց բանակցությունների միջոցով խաղաղության հաստատման ուժեղ ցանկություն՛՛, ասաց Մաթյու Բրայզան։

Անդրադառնալով Դավոսի համաշխարհային տնտեսական խորհրդաժողովին ուր Ադըբեջանի նախագահը կհանդիպի ԱՄՆ-ի արտգործնախարարի հետ, Բրայզան նշեց, որ Ղարաբաղի հարցից բացի կքննարկվեն էներգիայի աղբյուրների եւ Կասպից ծովի ափամերձ շրջանների անվտանգության հարցերը։ ՛՛Մենք Ադրբեջանին համարում ենք էներգիայի խիստ կարեւոր աղբյուր Եվրոպայի համար, մինչ վերջինս որոնում է բնական գազի եւ նավթի մատակարարումների նոր աղբյուրներ ՝՝, նշեց Մաթյու Բրայզան։

XS
SM
MD
LG