Միացյալ Նահանգներում տնտեսության մասին առկա մտահոգությունները համաշխարհային շուկաներին շեշտակի անկում են պատճառել։ Որոշ ներդրողներ շուկաների անկման պատճառը վերագրել են նախագահ Բուշի հայտարարած տնտեսական ծրագրին, որը ոմանց կարծիքով, թե՛ ուշացած եւ թե՛ բավական թույլ ծրագիր է Միացյալ Նահանգներում տնտեսությունը անկումայից վիճակից դուրս բերելու առումով։
Եվրոպայի եւ Ասիայի ներդրողները երկուշաբթի օրը մեծ թվով բաժնետոմսեր վաճառեցին։ Բի Բի Սի հեռուստակայանի լրագրող Ջոն Մոյլանն ասում է, թե բաժնետոմսերի առեւտրականները թերահավատությամբ են ընդունել Միացյալ Նահանգներում սպառողներին խրախուսելու 145 միլիարդ դոլարի ծրագիրը.
՛՛Երբ շուկաները այս առավոտ բացվեցին Ասիայում, բաժնետոմսերի առեւտրականներին այդ ծրագիրը չբավարարեց։ Նրանք հուսախաբված էին՝՝։
Հոնգ Կոնգում, բաժնետոմսերի Հանգսենգի ցուցանիշը իջավ հինգ ամբողջ հինգ տասնորդական տոկոսով։ Շուկայի հարցերով վերլուծաբան Քրիստոֆ Շմիդթն ասաց, որ բաժնետոմսերի արժեզրկումը ներթափանցել է նաեւ Եվրոպա.
՛՛Ասիական շուկաներն երկուշաբթի բավականին տկար էին։ Բաժնետոմսի վաճառքի ալիքը ներխուժեց նաեւ Եվրոպա։ Բաժնետոմսերի առեւտրականները սկսեցին զգացական կերպով արձագանքել շուկաներին՝՝։
Ճապոնիայից մինչեւ Չինաստանի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի եւ ամբողջ Եվրոպայի շուկաներում գրանցվեցին երեքից 7 տոկոսի կորուստներ։ Ինչպես Քրիստոֆ Շմիդթն է ասում.
՛՛Առաջիկա օրերը շատ կարեւոր են որովհետեւ մենք կտեսնենք թե ամերիկյան շուկաները ինչպե՞ս են արձագանքելու ասիական եւ եվրոպական բաժնետոմսերի անկմանը՝՝։
Մտահոգություններ են առկա նաեւ Միացյալ Նահանգների արտահանումների թույլ շուկայի ապագայի շուրջ։ Վերլուծաբանների համաձայն, արտասահմանյան ապրանքների վաճառքի դանդաղումը Միացյալ Նահանգներում կարող է բացասաբար անդրադառնալ աշխարհի մյուս երկրների տնտեսության վրա։